Ճապոնիայում Էբոլան 15 րոպեի ընթացքում ախտորոշող թեստ են ստեղծել

1 ապրիլի, 2015  17:38

Denka Seiken ճապոնական ընկերության մասնագետները եւ Հոքայդո համալսարանի գիտնականները Էբոլայի ախտորոշման նոր սարքավորում են ստեղծել, որն ի վիճակի է ախտորոշել հիվանդությունը 15 րոպեի ընթացքում: Այն ստեղծվել է ընկերության կողմից արտադրվող գրիպի ախտորոշման սարքավորման հիման վրա: Սարքավորումը տեղավորվում է ափի մեջ, շատ հեշտ է տեղափոխվում եւ էլեկտրաէներգիայի սնուցման աղբյուր չի պահանջում: Հոքայդո համալսարաի զոոնազային ինֆեկցիաների ուսումնասիրման կենտրոնի գիտնականները հաջողությամբ փորձարկել են սարքավորումը Էբոլայով վարակված կապիկների արյան նմուշների վրա: Մոտ ապագայում այն կփորձարկվի նաեւ մարդու արյան նմուշների վրա: Գիտնականները կարծում են, որ վաղ ախտորոշումը կարող է կանխարգելել վիրուսի տարածումը:

«Վաղ շրջանում ինֆեկցիան ախտորոշելու դեպքում թույլ կտա անցնել հիվանդության բուժման եւ կանխարգելել դրա տարածումը: Մենք կշարունակենք հետազոտությունը, որպեսզի սարքավորումը հնարավորինս շուտ կիրառվի», - մեջբերում է Կիոդո գործակալությունը Հոքայդո համալսարանի պրոֆեսոր Այատո Տակադուին: Այժմ Էբոլայի ախտորոշումը ժամանակակից լաբորատորիաներում մի քանի ժամ է պահանջում: ԱՀԿ վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում Էբոլայով վարակվել է 25 հազար մարդ, 10 հազարը մահացել է:

Հիվանդության բռնկումը տեղի է ունեցել Արեւմտյան Աֆրիկայում 20014 թվականի փետրվարին: Հիվանդության պատճառով այլ երկրներից շատ տուժել են Գվինեան, Լիբերիան, Սիերա Լեոնեն: Վերջին շրջանում հիվանդության նոր դեպքերի թիվը զգալիորեն կրճատվել է, ինչը խոսում է այն մասին, որ համաճարակը թուլանում է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում