Արհեստական արեւայրուկը կարող է մելանոմայի զարգացման պատճառ դառնալ

6 մայիսի, 2015  11:52

Արհեստական արեւայրուկը կարող է մաշկի քաղկցեղի պատճառ դառնալ, նշում են ամերիկյան գիտնականները:

Penn State Hershey Melanoma and Skin Cancer Center-ի մասնագետների խոսքով՝ երեխաների՝ արեւից ստացած այրվածքներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթումը հասուն տարիքում նույնպես կարող են ազդել մելանոմայի զարգացման վրա, սակայն այս հիվանդության մակարդակի աճը կապված է արհեստական արեւայրուկի հետ: Սոլարիներ կան գրեթե ամեն երկրորդ ֆիթնես-կնետրոնում, ինչպես նաեւ մի շարք մասնագիտացված կենտրոններում, եւ դրանք բավականին վտանգավոր են առողջության համար:

Սոլարիներում օգտագործվող լամպաները ավելի քան 95 տոկոս UVA ճառագայթներ են ճառագայթում, եւ ընդամենը աննշան մակարդակի UVB ճառագայթներ: Վերջիններս պարունակվում արեւի բնական լույսի մեջ՝ մաշկի կարմրածության պատճառ դառնալով եւ ստիպելով մեզ խուսափել արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից: Սոլարիի մեջ գտնվելով՝ մարդը կարող է չզգալ, որ շատ ուժեղ ճառագայթման է ենթարկվում եւ պարզապես «այրվում»: UVA-ճառագայթները նաեւ շատ ավելի վնասակար են, քանի UVB-ն, քանի որ շատ խորն են թափանցում մաշկի մեջ՝ վտանգավոր մուտացիաներ առաջ բերելով: 

Այպիսով, գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին առողջ արեւայրուկն է: Այդ պատճառով մարդիկ միշտ պետք է պաշտպանիչ քսուկ օգտագործեն՝ արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար: Քաղցկեղից բացի՝ արեւայրուկը կարող է նաեւ մի շարք այլ խնդիրների պատճառ դառնալ, ինչպիսին են կատարակտան ու մաշկի՝ ժամանակից շուտ ծերանալը:

Ինչպես նշում է բժիշկ Ռոջերիո Նեվեսը վերոնշյալ կենտրոնից , վերջին տասնամյակների ընթացքում այս հիվանդության դեպքերի ցուցանիշը կտրուկ աճել է, եւ այսօր մելանոման 20-30 տարեկան կանանց մոտ քաղցկեղի երկրորդ ամենատարածված տեսակն է: Միայն անցած տասնամյակում քաղցկեղի այս տեսակով տառապող կանանց թիվն աճել է 8 անգամ: 4 անգամ աճել է նաեւ նույն տարիքի տղամարդկանց շրջանում մելանոմայով հիվանդանալու ցուցանիշը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում