Վիտամին D-ն կօգնի նիհարել

11 մայիսի, 2015  10:45

Վիտամին D պարունակող սննդային հավելումները կարող են օգնել ճարպակալում ունեցողներին ազատվել ավելորդ քաշից, եթե նրանք, իհարկե, այդ վիտամինի պակաս ունեն, նշում են իտալացի հետազոտողները:

Նախկինում իրականացված հետազոտություններն արդեն ապացուցել են, որ վիտամին D-ի պակասը նպաստում է ճարպակալման եւ այն ուղեկցող բարդացումների ձեւավորմանը: Միլանի համալսարանի գիտնականներին հաջողվեց պարզել, որ Իտալիայի հյուսիսային մասի բնակչները, որոնք վիտամին D-ի լուրջ պակաս ունեն, ավելի հաճախ են բախվում ավելորդ քաշի եւ ճարպակալման խնդիրների հետ՝ այդ վիտամինի պակաս չունեցողների համեմատ: Ավելին՝ գրեթե բոլոր այն մարդկամց մոտ, ովքեր ավելորդ կիլոգրամներ ունեն,այս վիտամինի պակաս է նկատվում:

Փորձարկումներին մասնակցել է ավելորդ կիլոգրամներ կամ ճարպակալում ունեցող 400 կամավոր: Նրանց բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մասնակիցները ոչ մի սննդային հավելում չեն ընդունել, երկրորդ խմբում ընդգրկվածները ամսական վիտամին D-ի 25 չափաբաժին են ստացել, իսկ երրորդ խմբում ընդրկվածները՝ 100 չափաբաժին: Բոլոր կամավորները հետեւում էին միեւնույն, բալանսավորված եւ ցածր կալորիականություն ունեցող դիետային:

Վեց ամիս անց միայն երրորդ խմբում ընդգրկվածների օրգանիզմում էր այս վիտամինի պարունակությունը հասել օպտիմալ մակարդակի: Սակայն ավելորդ քաշի դեմ պայքարում դրական արդյունքներ էին արձանագրվել վիտամին D ընդունող երկու խմբում էլ: Երկրորդ խմբում քաշի միջին կորուստը կազմել էր 3.8 կգ, երրորդ խմբում՝ 5.4 կգ: Ընդ որում՝ առաջին խմբի մասնակիցներին հաջողվել էր նիհարել 1.2 կգ՞

Հիշեցնենք, որ վիտամին D-ն սինթեզվում է մաշկի տակ՝ արեւի լույսի ազդեցությամբ: Դրա աղբյուր են համարվում նաեւ հավկիթը, կաթը, յոգուրտը եւ մի շարք այլ մթերքներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում