Նիհարել ցանկացողները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե կալորիաների, այլ քիմիկատների քանակի վրա

15 մայիսի, 2015  15:10

Նիհարել ցանկացող շատ մարդիկ փորձում են կալորիաներ հաշվել: Սակայն բժիշկ Սելի Նորթոնը Մեծ Բրիտանիայից կարծում է, որ այս մոտեցումը սխալ է եւ կոչ անում բոլորին ուշադրություն դարձնել մթերքներում առկա քիմիկատների, այլ ոչ թե կալորիաների քանակի վրա:

Ինչպես նշեց բժիշկը The Daily Mail-ի հետ զրույցում, այսօր մենք շատ մեծ քանակությամբ վերամշակված մթերքներ ենք օգտագործում, որոնք հագեցած են քիմիկատներով: Չնայած նրան, որ այս նյութերի մեծ մասը անվտանգ է եւ դրանք ավելացնում են մթերքների մեջ միայն նրա համար, որպեսզի դրանք չփչանան, այս քիմիկատները, միեւնույն է, կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ:

Շատ հաճախ մենք մտածում ենք, որ առողջ սնունդ ենք ձեռք բերում, եթե այն համարվում է ճարպի կամ շաքարի ցածր մակարդակ ունեցող: Իրականում այս մթերքները կարող են շատ վնասակար լինել, քանի որ, շաքարի եւ բնական ճարպերի փոխարեն պարունակում են հավելյալ քիմիական նյութեր: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ արհեստական շաքարը ստիպում է մեզ ավելի շատ ուտել եւ, որպես հետեւանք, ավելի շատ ավելորդ կիլոգրամներ հավաքել: Բացի այդ՝ ապացուցված չէ, որ արհեստական այս հավելումները վնասակար չեն առողջության համար:

Բժիշկ Նորտոնը խորհուրդ է տալիս զերծ մնալ վերամշակված մթերքների օգտագործումից, քանի որ դրանք ենթարկվել են շատ ինտենսիվ քիմիական ազդեցության:

Բժիշկների խոսքով՝ ինչքան քիչ քիմիկատներ է օգտագործում մարդը, այդքան մեծ է հավանականությունը, որ ավելորդ քաշի դեմ տարվող պայքարը արդյունավետ կլինի: Այդ պատճառով նախընտրելի է այնպիսի մթերքներ ձեռք բերել, որոնք պարունակում են միայն բնական բաղադրիչներ՝ միրգ, բանջարեղեն եւ այլն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում