«Ես մայրական թերապիա եմ կիրառում». Պատչ Ադամսը Գյումրիի մանկատանը (վիդեո)

21 մայիսի, 2015  20:38

Գյումրիի մանկատանը, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաներ են ապրում, հայտնի ամերիկացի հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսն ու նրա թիմը բեմադրություններ չեն կազմակերպել: Դրա փոխարեն նրանք անում էին այն, ինչ պետք է անեն մայրերը՝ սեր ու հոգատարություն էին դրսեւորում: Այս մասին այսօր, մայիսի 21–ին, լրագրողներին պատմեց ինքը Պատչ Ադամսը երեխաների հետ անցկացված սեանսից հետո:

«Մենք աշխատել ենք հաշմանդամության ծանր տեսակներ ունեցող երեխաների հետ: Ոչ մի կատակ, ոչ մի բեմադրություն, մենք պարզապես գրկել ենք նրանց», - ասաց Պատչ Ադամսը:

Նրա խոսքով՝ այն, ինչ նա անում է, կարելի է «մայրական թերապիա» անվանել՝ չնայած նրան, որ «թերապիա» բառը նվաստացնում է մայրության էությունը:

«Ի՞նչ է մայրը անում իր երեխայի հետ: Սիրում է նրան, խաղում նրա հետ, ծանոթացնում բնության եւ արվեստի հետ, տունն անվտանգ է դարձնում: Դա թերապիա չէ: Հավանաբար՝ մայրական թերապիա է, բայց այս բառը նվաստացնում է մայրության գաղափարը: Մայրերը «մայրական թերապիայի» կարիք չունեն: Երբ դուք տեսնում եք ինձ եւ իմ աշխատանքը, Դուք տեսնում եք մորը: Իմ նպատակն է՝ լինել իմ մայրիկի պես: Ի՞նչ են անում մայրերը: Նրանք ստիպում են Ձեզ ծիծաղել: Մայրերը չեն մտածում որեւէ թերապիայի մասին, նրանք անում են այն, ինչ պետք է անեն առողջ մարդիկ», - նշեց բժիշկը:

Գյումրիում Պատչ Ադամսը երկու օր կանցկացնի, որոնց ընթացքում կայցելի մանկատներ եւ քաղաքի հիվանդանոցներ: Հիվանդանոցային ծաղրածուի առաջին կանգառը հենց մանկատունն էր, որտեղ, ինչպես պատմեց լրագրողներին մանկատան տնօրեն Աննա Գեւորգյանը, տվյալ պահին բնակվում է սահմանափակ կարողություններով եւ կենտրոնական նյարդային համակարգի տարբերախտահարումներով 130 երեխա:

Հիշեցնենք, որ Ադամսը Հայաստան է ժամանել մայիսի 18–ին։ Նրա  այցը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ սոցիալական ծառայությունների եւ առողջապահական մարմինների աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում