ԱՆ. Արմավիրի մանկապարտեզներում վարակի պատճառը սանիտարական նորմերի խախտումն է

22 մայիսի, 2015  13:33

Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր եւ Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ, հաղորդում է Հայաստանի Առողջապահության նախարարությունը։

Արմավիր քաղաքի թիվ 9 եւ թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններում արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետեւանքով: Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների եւ խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 եւ թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ եւ հակահամաճարակային մի շարք միջոցառումներ` ուսումնասիրվել են նշված 2 կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի եւ խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20-ի Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1. սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին եւ 2013 թվականի օգոստոսի 12-ի Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին հրամանների պահանջների կոպիտ խախտումներ: Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների եւ խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր եւ Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 9 եւ 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն բնորոշ է սննդային գործոնին: Հետեւաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետեւանքով:

Դեպքերի մասին տեղեկացվել են ինչպես տարածքային կառավարման եւ համայնքների ղեկավարները, այնպես էլ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս ոլորտում հետեւողական եւ սկզբունքային աշխատանքները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ հիվանդ երեխաների ծնողները NEWS.am Medicine-ի թղթաքկցի հետ զրույցում պնդում էին, որ վարակի պատճառը ժամկետանց կաթն է եղել, իսկ մանկապարտեզների սանիտարական վիճակը նորմալ է։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում