Փորձագետ՝ հաղթել դեղորայքը կեղծողներին հնարավոր չէ, բայց հնարավոր է բարդացնել նրանց կյանքը

26 մայիսի, 2015  17:42

Կեղծ դեղորայքի խնդիրը նոր չէ, եւ ոչ մի երկիր չի կարող պնդել, որ ամբողջությամբ ապահովագրված է իր շուկայում այդպիսի դեղերի հայտնվելուց: Այս մասին Երեւանում ընթացող «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղորայքի դեմ պայքարի արդի ասպեկտները», գիտաժողովի ընթացքում նշեց գիտաժողովի կազմակերպիչներից մեկը՝ Սանոֆի ընկերության Եվրասիական տարածաշրջանի անվտանգության տարածաշրջանային տնօրեն Յուրի Օրլովը:

Նա նշեց, որ այս երեւույթի հետ պետք է համատեղ պայքարել՝ ներգրավելով այդ գործընթացում ոստիկանությունը, մաքսատունը, դեղարտադրողներին, առողջապահության նախարարությունը: «Միայն այդ մարդկանց ներգրավելով՝ մենք կկարողանանք… ոչ, չենք կարողանա հաղթել, բայց գոնե կկարողանանք բարդացնել կեղծողների կյանքը», - նշեց նա:

Յուրի Օրլովը պարզաբանեց, թե ինչու է կոնֆերանսի անվան մեջ հիշատակվում Եվրասիական տարածաշրջանը: Նա նշեց, որ դա որեւէ կապ չունի Մաքսային Միության կամ ԵԱՏՄ-ի հետ, պարզապես եվրասիական տարածաշրջանի երկրները, որոնք հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներն են, ոչ միայն սերտ մշակութային եւ տնտեսական կապեր ունեն, այլ նաեւ շատ սերտ քրեական կապեր:  

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կեղծ դեղորայքի հիմնական արտադրողները Եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ն է ու Ուկրաինան: Այստեղից կեղծ դեղորայքը տարածվում է ամբողջ տարածաշրջանով: Անցած տարի մենք, օրինակ, Ուկրաինայում արտադրված կեղծ դեղորայք ենք հայտնաբերել, որն այնուհետեւ հայտնվում էր Ռուսաստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ղրղզստանում.. Ահա այսպիսի աշխարհագրություն», - պատմեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի է ունենում «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղորայքի դեմ պայքարի արդի ասպեկտները» երկօրյա կոնֆերանս, որին մասնակցում են միջազգային խոշոր, ինչպես նաեւ հայկական դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի շրջանակում կեղծ դեղորայքի դեմ համատեղ պայքարի Հուշագիր է ստորագրվել

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում