Համագումարը կնպաստի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման մասին տեղեկության տարածմանը

4 հուլիսի, 2015  19:27

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը կօգնի տեղեկություններ տարածել բժշկական մի շարք նորարարությունների՝ մասնավորապես, ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման ու այդ բջիջների դոնորների ռեեստրի մասին: Այս կարծիքն է հայտնել NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:

«Մեր իրականության մեջ կան բժիշկներ, որոնք ընդհանրապես ոչինչ չգիտեն ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման եւ դոնորների ռեեստրի մասին կամ էլ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում այդ երեւույթների վրա: Նրանց համար դա կարեւոր է այն պատճառով, որ նրանք որեւէ տեղեկություններ չունեն, համապատասխան կրթություն չեն ստացել: Օրինակ, երբ նրանք ավարտում էին բժշկական համալսարանը, փոխպատվաստման մասին ոչ ոք ընդհանրապես ոչինչ չէր լսել», - նշեց Սեւակ Ավագյանը:

Այժմ համագումարին մասնակցած բժիշկները ստույգ գիտեն, որ Հայաստանում գոյություն ունի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»: Ինչ վերաբերվում է համագումարի հյուրերին, շատերը գիտեն ոչ միայն հայկական ռեեստրի, այլ նաեւ իրենց երկրների ռեեստրների մասին, եթե այդպիսիք կան:

Համագումարի ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆրիդա Ջորդանը ներկայացրեց նաեւ ոսկրածուծի փոխպատվաստմանը վերաբերվող տեղեկություններ, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ հիվանդություններ են բուժվում այդ ճանապարհով եւ ինչպես են վիրահատությունների համար դոնորներ փնտրում: Հատկանշական է, որ ոսկրածուծի փոխպատվաստան կարիք ունեցող մարդկանց 25 տոկոսը միայն իրենց բարեկամների շրջանում համադրելի դոնոր են գտնում: Իսկ մնացածներին օգնում են հատուկ ռեեստրները:

Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է՝ մեր երկրում գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» http://med.news.am/arm/news/4358/dzer-coxunayin-bjijnery-karox-en-mek-ayl-mardu-aryan-qaxckexic-buzhel.html, որը ցողունային բջիջների դոնորներ է փնտրում բազմաթիվ հիվանդների համար՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Նրանք մի քանի կյանք են կարողացել փրկել: Օրինակ հայ մի պատանի՝ Վահեն, դոնոր է դարձել իտալացի մի աղջկա համար, http://med.news.am/arm/news/3526/inchpes-e-hay-eritasardy-italuhu-kyanqy-prkel.html  եւ, շնորհից նրա ցողունային բջիջների, նա բուժվեց լեյկեմիայից եւ այժմ առողջ է:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում