ՌԴ-ում դեռ երկմտում են, իսկ ԱՄՆ–ում արդեն որոշել են. 2021 թվականի հայ բժիշկների համագումարը կանցկացվի Մոսկվայում (ֆոտո)

4 հուլիսի, 2015  18:08

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ Արա Բաբլոյանը եզրափակիչ նիստի ընթացքում առաջարկեց AMIC-ին (Armenian Medical International Committee), որը զբաղվում է Հայաստանից դուրս հայ բժիշկների համագումարի կազմակերպմամբ, դիտարկել հաջորդ համագումարներից մեկը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը: Այսպիսի առաջարկությամբ նա հանդես եկավ ՌԴ Հայերի միության բժիշկների ասոցիացիայի նախագահ Բագրատ Ալեքյանի ելույթից հետո: Վերջինս իր ելույթում առաջարկեց ավելի լավ օգտագործել ՌԴ-ում ապրող հայ բժիշկների ներուժը:

Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ 2017 թվականին համագումարը տեղի կունենա Արգենտինայում, 2019-ին՝ Հայաստանում, իսկ օրինակ, 2021-ին կամ 2025-ին այն կարելի է կազմակերպել ՌԴ-ում: Բագրատ Ալեքյանը այս առաջարկությանն ի պատասխան նշեց, որ կարող է ստույգ պատասխանել միայն մեկ տարի անց, իսկ AMIC ներկայացուցիչ Վիգեն Սեֆիլյանը (Կալիֆորնիա, ԱՄՆ) կատակով նշեց, որ, քանի դեռ Բագրատ Ալեքյանը մտածում է, AMIC-ն արդեն որոշել է, որ 2021-ի համագումարը տեղի կունենա Մոսկվայում: «Շտապ կազմակերպվեք, քանի որ մենք գալու ենք», - նշեց նա: Իսկ Մոսկվայի համագումարը պատշաճ կարգով կազմակերպելու համար Արա Բաբլոյանը խոստացավ նրանց մոտ գործուղել 4-րդ համագումարի փոխնախագահ Գեւորգ Յաղջյանին, որը կոորդինացրել է բոլոր կազմակերպչական աշխատանքները Հայաստանում: Այս հումորային նոտայով համագումարն ավարտեց իր աշխատանքները:

Տեղի ունեցավ նաեւ համագումարի կազմակերպիչների եւ մասնակիցների պագեւատրման արարողություն:

Նշենք, որ NEWS.am Medicine-ը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ինֆորմացիոն հովանավորն էր, եւ օնլայն ռեժիմով լուսաբանում էր տեղի ունեցող իրադարձությունները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում