Հայերի 4 տոկոսը վարակված է հեպատիտ C-ով, 2-3 տոկոսը՝ հեպատիտ B-ով

27 հուլիսի, 2015  13:58

Հայաստանը համարվում է հեպատիտի միջին տարածվախության երկիր: Հայերի 4 տոկոսը վարակված է հեպատիտ C-ով, 2-3 տոկոսը՝ հեպատիտ B-ով: Ընդհանուր առմամբ երկրում 100 հազար հեպատիտով հիվանդ մարդ կա: Այս մասին լրագրողներին պատմեց հեպատոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Ամբողջ աշխարհում, նրա խոսքով, հեպատիտով հիվանդ 600 միլիոն մարդ կա: 400 միլիոնը տառապում է հեպատիտ B-ով, 200 միլիոնը՝ հեպատիտ C-ով: Տարեկան 1.5 միլիոն մարդ է մահանում հեպատիտից: Ստացվում է, որ այս հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 4 հազար մարդ: Մահացությունը հեպատիտից տաս անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Դա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ ՄԻԱՎ-ը այսօր ամբողջ աշխարհում շատ ավելի լավ է վերահսկվում:

Հեպատիտով պայմանավորված մահացության մակարդակը, ինչպես բացատրեց մասնագետը, պայմանավորված է ցիռոզով եւ լյարդի ուռուցքներով: Ավելին՝ ցիռոզով եւ ուռուցքներով մարդկանց 80 տոկոսի մոտ հեպատիտի այս կամ այն վիրուսն է հայտնաբերվում:

Ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, հեպատիտները համարվում են գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում՝ նաեւ Հայաստանում: Բուժել հեպատիտ B-ն հնարավոր չէ, սակայն կարելի է այն վերահսկել: Բացի այդ՝ 98 տոկոս դեպքերում հեպատիտը կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով: Իսկ ահա հեպատիտ C-ն տեսականորեն բուժելի է, սակայն բուժումը շատ թանկարժեք է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում