Սիբիրյան խոցի հավանական աղբյուր հանդիսացող միսը Վրաստանից բերվել է անձնական օգտագործման համար

4 օգոստոսի, 2015  22:19

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ  Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ:

Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված  անձանցից մեկը հուլիսի 27-ին Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում  է ձեռքբերել կասկածելի միսը և անձնական օգտագործման նպատակով իր հետ տեղափոխել հանրապետություն: Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է  Նինոցմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները մսեղիքն ամբողջությամբ ուղարկել են լաբորատոր հետազոտության: Իսկ մսեղիքի հետ սառնարանում պահպանվող կամ շփում ունեցող սննդամթերքն ամբողջությամբ ոչնչացվել է, միաժամանակ՝  տարածքն ու մսեղիքի մշակման պարագաներն ամբողջությամբ ախտահանվել:

ՍԱՊԾ մասնագետները շարունակում են մարզում անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից և ձեռնպահ մնալ անվստահելի աղբյուրից, առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում