Քնի պակասն անդրադառնո՞ւմ է բժիշկների աշխատանքի վրա

28 օգոստոսի, 2015  15:30

Պատկերացրեք, թե ձեզ պլանավորված վիրահատություն է սպասում եւ դուք, արդեն վիրահատական սեղանին պառկած, իմանում եք, որ ձեր վիրաբույժը գիշերային հերթափոխից է եկել: Դուք իհարկե կվախենաք: Ամբողջ գիշերը չքնելուց հետո նա ի վիճակի կլինի՞ վիրահատություն անել:  Որեւէ սխալ թույլ չի՞ տա:

Նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ դուք վախենալու պատճառ չունեք. անբավարար քնելը չի անդրադառնում բժիշկների աշխատանքի վրա եւ չի մեծացնում բուժական սխալ թույլ տալու վտանգը: 

Դա պարզելու համար կանադացի գիտնականները հետեւել են Օնտարիո նահանգից 40 000 հիվանդի սպասարկմանը: Նրանց վիրահատում էին բժիշկները, որոնք առավոտյան արդեն աշխատած էին լինում կեսգիշերից մինչեւ առավոտվա  7-ը, այսինքն՝ չէին քնում եւ տառապում էին քնի պակասից: Նրանց վիրահատությունների մակարդակը համեմատել են լավ քնած վիրաբույժների կատարած վիրահատությունների հետ

Պարզվել է, որ քնի պակասը, որը վնասակար է չքնած մարդու առողջության համար, էական ազդեցություն չի ունենում հիվանդներին բուժծառայություններ մատուցելու մակարդակի վրա եւ պակաս քնած վիրաբույժները իրենց հիվանդին վիրահատում էին ճիշտ այնպես, ինչպես լավ քնածները: Վիրահատական եւ հետվիրահատական  բարդացումների, բժշկական սխալների, մահերի ու նաեւ՝ վիրահատությունից հետո հիվանդների վերականգնման տվյալները գործնականում միանման էին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում