Բրազիլական իշամեղվի թույնը կարող է սպանել քաղցկեղի բջիջները

3 սեպտեմբերի, 2015  13:01

Բրազիլական Polybia paulista իշամեղվի թույնը կարող է սպանել քաղցկեղային բջիջները ՝ չվնասելով առողջ հյուսվածքներին: Այս բացահայտումն արվել է դեռ մի քանի տարի առաջ, սակայն թույնի ներգործության մեխանիզմը մինչեւ վերջ ուսումնասիրված չէր: Իսկ հիմա բրիտանական Լիդս համալսարանի մասնագետները սկսել են ուսումնասիրել այս թույնը ու նրա ներգործությունը քաղցկեղային բջիջների վրա, հաղորդում է Medical News Today-ը։

Մասնագետների տեղեկություններով ՝ թույնը որը հայտնի է MP1 անունով, լաբորատոր պայմաններում հաջողությամբ ոչնչացնում է շագանակագեղձի, միզապարկի ու լեյկեմիայի քաղցկեղի բջիջները: Ճիշտ է, առայսօր հասկանալի չէ, թե ինչպես եւ ինչու է թույնը սպանում միայն հիվանդ բջիջներին, չվնաելով առողջներին: Գիտնականները ենթադրում են, որ սա բացատրվում է քաղցկեղային բջիջների մեմբրանի յուրահատկությամբ: Ըստ երեւույթին, ճարպերը, որոնք ծածկում են վնասված բջիջները, նպաստում են նրան, որ թույնի մոլեկուլները կպչեն դրանց: Դրանից հետո քաղցկեղային մեմբրանի մակերեսը ասես քայքայվում է ու բջջի պարունակությունը դուրս է հոսում, դրանով իսկ ոչնչացնելով այն:

«Հասկանալով այս թույնի ներգործության մեխանիզմը ՝ մենք կկարողանանք առավելագույնս արագ օգտագործել այն մարդկանց բուժելու նպատակով: Ինչպես տեսնում ենք, այն արձագանքում է միայն քաղցկեղային բջիջներին ու թունավոր չէ առողջ հյուսվածքների համար, ինչը վկայում է դրա պոտենցիալ անվտանգության մասին: Այդուհանդերձ, մենք դեռ լրացուցիչ փորձեր պետք է անենք համոզվելու համար »,- նշել է պրոֆեսոր Պոլ Բիլսը Լիդսի համալսարանից:

Բրիտանացի գիտնականները հույս ունեն, որ MP1 թույնը կամ դրա սինթեթիկ անալոգը մոտ ապագայում կկարողանա փոխարինել քիմիա եւ ռադիոթերապիաներին, որոնք մի շարք կողմնակի էֆֆեկտներ ունեն ու ոչնչացնում են նաեւ առողջ բջիջները:

Այս հետազոտության մասին հայտնում է Biophysical Journal գիտական ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում