Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով միջազգային բուժքույրական համագումարը, որին մասնակցում էր 500-ից ավել բուժանձնակազմի աշխատող՝ Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ ժամանած ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից:
Ողջունելով համագումարի մասնակիցներին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է Արցախում նման ներկայացուցչական համագումարի անցկացումը:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:
Կարևորելով բուժքույրական օղակի դերը առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:
Իր հերթին ողջունելով համաժողովի արցախյան, հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին՝ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ նշել է, որ միջազգային բուժքույրական համագումարը կանդրադառնա առողջապահության առաջնահերթ խնդիրներին ևս ու կնպաստի բուժքույրական գործի զարգացմանը:
«Որակյալ բուժօգնությունը բարձրացնում է հասարակության վստահությունը դեպի բուժհաստատությունը և ընդհանրապես դեպի առողջապահությունը: Համագումարը հիմնականում ուղղված է հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին և ընդունել է Հիպոկրատի «Մի´ վնասիր» առաջին պատգամը որպես կարգախոս»,-ասել է Հ. Քուշկյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը ասել է.« Սա կարևոր իրադարձություն է Արցախի բուժքույրերի կյանքում, որը մեծ հնարավորություն է ընձեռում համակարգի աշխատողներին՝ ավելի խորացնելու գիտելիքները, ծանոթանալու քույրական գործի վերջին նվաճումներին, հարստացնելու աշխատանքային փորձը և ինտեգրվելու միջազգային բուժքույրական հանրությանը: Համագումարը նաև հիանալի օրինակ է Հայաստանի քույրական գործի ասոցացիայի և Արցախի բուժքույրերի միության ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համագործակցությանը, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ բարելավել մարդկանց առողջությունը»:
Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բուժքույր-դասախոսները հանդես են եկել բուժքույրական արդի խնդիրների շուրջ տարբեր զեկուցումներով:
Համագումարին ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ «Բուժքույրերի միավորում» ասոցացիայի նախագահ, ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գլխավոր բուժքույր Լիլիա Մովսեսյանը, ոլորտի պատասխանատուներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը իր նստավայրում ընդունել է համագումարի մի խումբ մասնակիցների:
Բակո Սահակյանը նշել է, որ նման ներկայացուցչական միջազգային համագումարի անցկացումը լավ հնարավորություն է բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացման, փորձի փոխանակման, այս ոլորտում նոր եւ ժամանակակից մեթոդներին ու միտումներին ծանոթանալու եւ դրանք տեղում կիրառելու տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում