Ֆրեզնոյից ժամանած բժիշկներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

8 հոկտեմբերի, 2015  17:41

Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք եղել են նաեւ Մատենադարանում։

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմափորձ բժիշկների խումբը, կարեւորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` ՀՀ մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, իր հիմնական գործունեությունը ծավալում է մարզերում։

Տարբեր մասնագետների 3 խումբ արդեն եղել է Արագածոտնի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի բժշկական կենտրոններում, ծանոթացել տեղի բուժաշխատողներին, հիվանդանոցների ապահովվածությանը, զննել բուժում ստացողներին, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ խորհրդատվություններ տրամադրել նախապես հավաքագրված հիվանդներին։ Մշակվել է կատարվելիք վիրահատությունների պլան։ Մասնագետներն արդեն իսկ բժշկական օգնություն են ցուցաբերել 64 քաղաքացու։ Հաջորդ այցերի ընթացքում ԱՄՆ-ից ժամանած հայ եւ այլազգի բժիշկներն անհատույց վիրահատություններ կկատարեն, կկազմակերպեն դասընթացներ։

Պերճ Ապգարյանի գլխավորած պատվիրակության խմբերն առաջիկա օրերին համանման գործունեություն կծավալեն Շիրակի, Լոռու եւ Արարատի մարզերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում