Նոր բիոմարկերները կարող են կանխատեսել ՄԻԱՎ-ի ռեցիդիվները

13 հոկտեմբերի, 2015  15:32

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ու Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանների գիտնականները հայտնաբերել են բիոմարկերներ, որոնք կարող են օգնել կանխատեսել, թե բուժումը դադարեցնելուց հետո ՄԻԱՎ վարակը որքան արագ կրկնվի հիվանդի մոտ:

Մասնագետները համարում են, որ իրենց հետազոտությունը կօգնի նաեւ հասկանալ, թե ինչու է որոշ հիվանդների մոտ ՄԻԱՎ վարակը պահպանվում, իսկ մյուսների մոտ նույնիսկ բուժումը դադարեցնելուց հետո մնում չհայտնաբերվող մակարդակում:

Գոյություն ունեցող հակառետրովիրուսային թերապիան, որն այսօրվա դրությամբ կիրառվում է ՄԻԱՎ հիվանդների բուժման համար, թույլ չի տալիս, որ վարակը բազմանա ու տարածվի, սակայն այն ամբողջովին չի վերացնում վարակը, որը թաքնված ձեւով մնում է օրգանիզմում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ վարակի բուժումը հակառետրովիրուսային թերապիայի միջոցով, վարակի փոխանցմանը հաջորդող մի քանի շաբաթվա ընթացքում որոշ հիվանդների մոտ «վերահսկելի վիճակ » է առաջացնում: Այդուհանդերձ, դեռ պարզ չեն այն մեխանիզմները, որոնք առաջացնում  ու նպաստում են ռեմիսիայի այդ վիճակին:

Նոր հետազոտության շրջանակում փորձագետները համեմատել են 12 կամ 48 շաբաթվա ընթացքում հակառետրովիրուսային թերապիայով բուժված 154 հիվանդների « Т բջիջները»: Բացահայտելով իմունային համակարգի 18 բիոմարկերներ՝ գիտնականները հայտաբերել են, որ դրանցից երեքը՝ PD-1,Tim-3 եւ Lag-3-ը, վիճակագրական տեսակետից նշանակություն ունեցող բիոմարկերներ են, որոնք թույլ են տալիս կանխատեսել, թե ՄԻԱՎ վիրուսը երբ է վերադառնալու: Հետազոտողները հայտնաբերել են, որ «հյուծված Т բջիջներին» միացած այդ բիոմարկերների բարձր մակարդակները կապակցված էին բուժումն ընդհատելու դեպքում հիվանդության վաղ վերադարձի հետ:

Այս հետազոտության մասին հայտնում է Nature Communications-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում