Այսօր Հայաստանում ակտիվ քննարկվում է մահացածների դոնորական օրգաններն օգտագործելու հնարավորությունը եւ այդ համատեքստում շատերին հետաքրքրում է, թե հայկական եկեղեցին ինչպես է վերաբերվում ողջ ու մահացած դոնորների օրգանների փոխպատվաստմանը: Այս հարցով NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմել է քահանա Արման Սաֆարյանին:
Հոգեւորականների խոսքով, հայկական եկեղեցին այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չունի: Ավելին, նույնիսկ կաթոլիկ եկեղեցին դեռ չի հստակեցրել փոխպատվաստման խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը, հատկապես եթե խոսքը ողջ դոնորների օրգանների մասին է: Իսկ ռուսական եկեղեցին ունի իր դրրքորոշումը, որի հետ համաձայն են հայ հոգեւորականներից շատերը:
Ռուսական եկեղեցին դեմ չէ մահացած դոնորների օրգանների պատվաստմանը, նշեց քահանան: Եթե մարդու մահվանից հետո նրա օրգանները կարող են օգնել մեկ այլ մարդու, ուրեմն դրանք կարելի է օգտագործել այդ նպատակով, դրանում ոչ մի վատ բան չկա: Շատ հայ հոգեւորականներ նույն տեսակետն ունեն:
Իսկ ահա ողջ մարդկանցից օրգանների փոխպատվաստմանը եկեղեցին ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում, ընդ որում կարեւոր չէ՝ թե հատկապես որ օրգանի մասին է խոսքը: Եկեղեցին չի ընդունում նույնիսկ մեկ երիկամի պատվաստումը ՝ չնայած դոնորը միանգամայն ի վիճակի է լիարժեք ապրել մեկ երիկամով:
Բանն այն է, որ փոխպատվաստման նպատակով նույնիսկ զույգ օրգաններից մեկի հեռացումը կարող է սպառնալ դոնորի կյանքին կամ զգալիորեն կրճատել նրա կյանքի տեւողությունը, նշեց քահանան: Եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, դա անընդունելի է, քանի որ մարդը չպետք է գիտակցաբար իր կյանքը վտանգի կամ էլ կարճացնի, միայն աստված կարող է որոշել, թե ինչքան պետք է նա ապրի:
«Օրգանը պատկանում է տվյալ մարդուն, ու նա ապրելու նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին նա, ում ուզում են պատվաստել այդ օրգանը», - բացատրեց քահանան:
Միեւնույն ժամանակ եկեղեցին նորմալ է վերաբերում դոնորական արյուն հանձնելուն, քանի որ դոնորի արյունը վերականգնվում է այն հանձնելուց որոշ ժամանակ հետո, եւ արյուն հանձնելն ինքնին վտանգավոր չէ կյանքի ու առողջության համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում