Մեզ ամենուրեք շրջապատում է նիհարելու հեշտ միջոցների մասին գովազդը, սակայն ցանկացած խելամիտ մարդ գիտի, որ ոչ հրաշագործ թեյերը, ոչ էլ նույնքան հրաշագործ գոտիներն իրականում նիհարելուն չեն օգնում: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար պետք է առողջ նյութափոխանակություն (մետաբոլիզմ) ունենալ ու ավելի շատ կալորիա ծախսել, քան օգտագործում եք:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մետաբոլիզմն արագացնելու երեք միջոց:
1. Սնունդ
Որոշ նյութեր կարող են մի քիչ արագացնել մետաբոլիզմը, բարձացնելով մեր մարմնի ջերմաստիճանը: Օրինակ կծու պղպեղը, կանաչ թեյը, դարչինը, կոկոսի յուղում պարունակվող տրիգլիցերիդները եւ այլն: Այս բոլոր նյութերը ստիպում են որ Ձեր օրգանիզմը որոշ ժամանակ ավելի շատ կալորիա այրի, բայց այդ տարբերությունը այդքան էլ շոշափելի չի լինի, այնպես որ մի կարծեք, թե միայն ձեր սննդակարգի մեջ չիլի պղպեղ ավելացնելով՝ կկարողանաք մի քանի կիլոգրամով նիհարել:
Կան նաեւ հաբեր, որոնք կարող են նույն ազդեցությունն ունենալ՝ արագացնել ձեր զարկերակը ու օրգանիզմի բոլոր մյուս պրոցեսները: Բայց,ավաղ, դրանք անվտանգ չեն, ու նույնիսկ եթե օգնեն ազատվել մի քանի ավելորդ կիլգրամից, միեւնույն է՝ դրանց հասցրած վնասն ավելի շատ կարող է լինել:
2. Ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական ակտիվությունն ինքնին նպաստում է կալորիաների այրմանը՝ որքան շատ եք շարժվում, այդքան շատ կալորիա եք այրում: Մարզանքները մետաբոլիզմն արագացնելու ու ավելորդ կալորիաները այրելու լավագույն միջոցն են, ինչը հաստատ կնպաստի նաեւ նիհարելուն: Սակայն ֆիզիկական վարժությունների օգտակարությունն այդքանով չի սահմանափակվում՝ դրանք օգտակար են նաեւ սրտանոթային համակարգի եւ հոգեկան առողջության համար: Ու եթե Ձեր մկանների ծավալներն ավելանան՝ Ձեր մետաբոլիզմը նույնպես կփոխվի:
3. Մկանային զանգված
Ինչպես արդեն ասացինք, եթե Ձեր մկանային զանգվածն ավելանա, Ձեր մարմինը նույնիսկ հանգստի վիճակում ավելի շատ կալորիա կայրի, քան առաջ: Մեկ կիլոգրամ մկան պահելու համար օրգանիզմն օրական մոտավորապես 13 կալորիա է ծախսում, իսկ նույն քանակության ճարպ պահելու համար՝ ընդամենը 4 կալորիա:
Բայց մկանային զանգվածի ավելացման համար պետք է մարզվել ու անընդհատ լավ մարզավիճակում մնալ, իսկ մկանների արագ աճ խոստացող դեղամիջոցների վնասը սովորաբար ավելի շատ է, քան օգուտը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում