ՄԻԱՎ ունեցող կանանց կթույլատրեն երեխաներին կրծքով կերակրել

21 նոյեմբերի, 2015  11:56

ՄԻԱՎ ունեցող կանայք կարող են կրծքով կերակրել, եթե նրանց երեխաները կանխարգելիչ հակառետրովիրուսային թերապիա ստանան: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ հետազոտողները:

Եթե ՄԻԱՎ-դրական մայրերի կողմից կրծքով կերակրվող նորածինները ստանան ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների՝ վարակի փոխանցման վտանգը զգալիորեն կնվազի: Կրծքով կերակրվելու 12 ամիսների ընթացքում մեկ կամ երկու հակառետրովիրուսային դեղամիջոց ստացող երեխաների 1.5 տոկոսից էլ քիչն է իր մայրերից վարակվել այդ վարակով:

Սա առաջին նման հետազոտությունն է, որը գնահատում է ՄԻԱՎ դեմ դեղամիջոցների արդյունավետությունը՝ վեց ամսից երկար կրծքով կերակրելու ընթացքում մորից երեխա վարակի փոխանցման հարցում:

Կրծքի կաթով կերակրելը՝ հատկապես աղքատ երկրներում նորածինների մահացությունը նվազեցնելու լավագույն միջոցներից է: Բայց այնտեղ որտեղ ՄԻԱՎ–ը շատ տարածված է, կրծքի կաթը կարող է նաեւ երեխաներին փոխանցել վտանգավոր վարակ, դրա համար էլ ՄԻԱՎ-ով կանանց սովորաբար չեն թույլատրում իրենց երեխաներին կրծքով կերակրել:

Գիտնականների ստացած նոր տվյալները նոր փաստարկ կդառնան այն վեճում՝ արդյոք կրծքի կաթի սննդարար առավելությունները գերազանցում են ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը: Այս պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ՄԻԱՎ-դրական մայրերին՝ հատկապես զարգացող երկրներում, իրենց երեխաներին կերակրել առնվազն 12 ամիս: Դա, ինչպես վստահեցնում են մասնագետները, երեխաներին բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով ապահովելու լավագույն միջոցն է, ինչը թույլ կտա խուսափել երեխաների համար լուրջ ու վտանգավոր հիվանդություններից՝ այդ թվում դիարեայից ու թոքաբորբից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում