Տնային կենդանիները կարող են բարելավել քնի որակը

24 նոյեմբերի, 2015  13:45

Տնային կենդանիները, որոնք քնում են իրենց տիրոջ հետ նույն անկողնում կամ էլ սենյակում, կարող են լավացնել քնի որակը: Նման անսովոր եզրակացության են հանգել ԱՄՆ գիտնականները:

Ընդունված է համարել, որ կատուներն ու շները, որոնք իրենց տերերի հետ միասին են քնում, բացասաբար են անդրադառնում քնի որակի վրա, սակայն Արիզոնայի գիտնականների անցկացրած հետազոտությունը հակառակն է ապացուցել՝ նրանք զրուցել են հարցման 150 մասնակիցների հետ, որոնք գրանցված են Մայոյի կլինիկային կից գործող քնի խանգարումների բուժման Կենտրոնում: Հիվանդների գրեթե կեսն ուներ տնային կենդանի, ու ավելի քան կեսը թույլ էր տալիս, որ այդ կենդանիները քնեն ննջարաններում կամ էլ տերերի անկողնում: 31 մարդու տանը մեկից շատ տնային կենդանի կար:

Գիտնականները մանրակրկիտ հարցրել են հիվանդներին այն մասին, թե որքան հաճախ են կենդանիները խախտում նրանց քունը: 15 հիվանդ (5-ից 1 ը) բողոքել է, որ տնային կենդանիները իրենց տարատեսակ շարժումներով ու ձայներով չեն թողնում, որ գիշերները իրենք քնեն: Բայց 31 մարդ (5-ից 2-ը) միանգամայն վստտահ է, որ տնային կենդանիների ներկայությունն իրենց ննջարաններում օգնում է, որ իրենք ավելի լավ քնեն: Կատուներն ու շները ապահովում են լրացուցիչ հարմարավետություն, ընկերակցություն կազմում միայնակ մարդկանց կամ նույնիսկ տաքացնում նրանց, երբ դրսում ցուրտ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում