Մինչդաշտանային ախտանիշով կանանց մոտ ավելի հաճախ է զարգանում հիպերտոնիան

30 նոյեմբերի, 2015  13:52

Մինչդաշտանային ախտանիշը հիպերտոնիայի զարգացման գործոններից մեկն է, որն էլ իր հերթին ավելացնում է կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, պարզել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ՝ Էլիզաբեթ Բերթոն Ջոնսոնի ղեկավարությամբ:

Հետազոտությանը մասնակցել է 1250 կին, որոնց շրջանում ՄԴԱ վառ արտահայտված է եղել, ու մոտավորապես 2500 կին, որոնք չեն տառապում մինչդաշտանային ախտանիշով: Մասնակից կանանց տարիքը հետազոտությունը սկսելու պահին 25-42 էր, հետազոտությունը տեւել է 6-20 տարի: Յուրաքանչյուր երկու տարին մեկ նրանք տեղեկություններ էին տրամադրում այն մասին ՝ արդյոք իրենց մոտ հայտնաբերվել է հիպերտոնիա, թե ոչ:

Պարզվել է, որ ՄԴԱ –ով կանանց մոտ արյան բարձր ճնշման առաջացման վտանգը 40 տոկոսով ավելի բարձր էր: Կախումն առավել ուժեղ էր 40 տարեկանից ցածր տարիքային կատեգորիայում. ՄԴԱ ով չտառապող նույն տարիքի կանանց համեմատ այդ վտանգը եռակի բարձր էր:

ՄԴԱ-ի ու արյան բարձր ճնշման փոխադարձ կապը պայմանավորող մեխանիզմները պարզ չեն, բայց աշխատության հեղինակները ենթադրում են, որ տարբերությունների պատճառը կարող են արյունատար անոթները լինել:

Հետազոտողների թիմն ավելի վաղ ուսումնասիրել էր В խմբի վիտամինների ազդեցությունը ՄԴԱ –ի առաջացման վրա ու պարզել, որ այդ վիտամինները օգտագործողների մոտ ՄԴԱ զարգացման հավանականությունը 25-35 տոկոսով ցածր է: Նրանք նաեւ պարզել են, որ ՄԴԱ-ի վառ արտահայտված ախտանշաններով կանանց մոտ, որոնք տիամինի ու ռիբոֆլավինի մեծ չափաբաժիններ էին ընդունել, հիպերտոնիան ավելի ուշ է զարգացել, քան այդ վիտամինները քիչ քանակությամբ ընդունողների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում