Ինչո՞վ է վտանգավոր արագ նիհարելը

21 փետրվարի, 2014  10:49

Նիհարել ցանկացողների մեծ մասն ուզում է ավելորդ քաշից ազատվել հնարավորինս արագ, սակայն չափազանց շուտ նիհարելը բավական վնասակար է առողջության համար: Այն մասին, թե ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել արագ նիհարելը, NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Վարդանուշ Պետրոսյանը:

«Արագ նիհարելն իսկապես շատ վնասակար է, եւ սա ապացուցված փաստ է: Ամիսը 3-5 կգ-ից ավել նիհարելու դեպքում կարող են լյարդի հետ կապված  խնդիրներ առաջանալ»,- ասաց նա:

Համաձայնեք, քչերը կուզենան առողջ լյարդը փոխել գեղեցիկ մարմնի հետ:

Հաջորդ խնդիրը, որը հաճախ առաջանում է արագ նիհարելու հետեւանքով, նյութափոխանակության խանգարումն է: Եթե Դուք զգալիորեն կրճատեք օգտագործվող կալորիաների թիվը եւ սկսեք ֆիզիկական վարժություններ անել, օրգանիզմն անմիջապես կանցնի աշխատանքի ավելի տնտեսող ռեժիմի եւ կսկսի հետագայի համար պահել ստացված յուրաքանչյուր կալորիան: Արդյունքում՝ շատ դժվար կլինի նիհարել, իսկ երբ սկսեք նորմալ սնվել, ավելի կգիրանաք: Բացի դրանից՝ խոլեստերինի փոխանակության խախտումը մեծացնում է թրոմբոզների զարգացման ռիսկը:

Արագ եւ կտրուկ նիհարել ցանկացողներին սպառնող խնդիրը ճարպի փոխարեն մկանային զանգվածի կորուստն է: Ինչպես բացատրեց դիետոլոգ Պետրոսյանը, առաջին երկու օրերին մարդը նիհարում է օրգանիզմից դուրս եկող ջրի հաշվին, շարունակում է նիհարել մկանային զանգվածի հաշվին, քանի որ ճարպը չի կարող այդքան շուտ այրվել:

Եվս մեկ կարեւոր խնդիր է արտաքինը: Երբ մարդը չափազանց արագ է նիհարում, նրա մաշկը չի հասցնում ձգվել եւ կախվում է: Հետո շատ դժվար կլինի ձգել այն, եւ դժվար թե գործը գլուխ գա առանց վիրաբուժական միջամտության եւ սպիների: Մաշկն ու մազերը եւս շատ կտուժեն սննդանյութերի անբավարարության պատճառով:

«Բացի դրանից՝ շատ հաճախ արագ նիհարելը բացասաբար է անդրադառնում հատկապես կանանց վերարտադրողական գործառույթների վրա»,- հիշեցրեց Վարդանուշ Պետրոսյանը:

Մասնագետներն անվտանգ համարում են ամիսը 2-2.5 կգ-ով, ոչ ավել նիհարելը: Կարող է թվալ, որ դա շատ քիչ է, բայց հենց այդքան նիհարելով ՝ Դուք կկարողանաք մնալ առողջ ու գեղեցիկ: Բացի դրանից՝ ամսական 2-2.5 կգ-ով նիհարելու դեպքում Դուք տարեկան կազատվեք 25 կիլոգրամից, ինչը քիչ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում