Ճարպակալությամբ տառապող մարդկանց խորհուրդ են տալիս քիչ նստել

21 հունվարի, 2016  21:10

Եթե մարդը քիչ շարժական կյանք է վարում, երեկոյան մարզումները նրան չեն օգնի նիհարել, պնդում են Փիթսբուրգի համալսարանի գիտնականները: Բայց եթե մարդը քիչ նստի եւ ավելի շատ շարժվի օրվա ընթացքում, նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի ազատվել ավելորդ քաշից:

Ավելորդ քաշով մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս կրճատել հեռուստացույց դիտելու եւ համակարգչային խաղերի վրա ծախսվող ժամանակը: Եթե մարդն ավելի շատ շարժվի եւ քիչ նստի, դա կբարելավի նրա նյութափոխանակային առողջությունը, ինչն անմիջականորեն կապված է ճարպի զանգվածի նվազման հետ: 

Փիթսբուրգից գիտնականների խոսքով, ֆիզիկական վարժություններն իրենք իրենց չեն կարող օգնել, եթե մարդն ամբողջ օրվա ընթացքում նստած է: Բայց եթե նստած դիրքում անցկացվող ժամանակը փոխարինվի տանը թեթեւ աշխատանքով, զբոսանքով, պարերով, դա անպայման կհանգեցնի սիրտ-անոթային համակարգի եւ նյութափոխանակության առողջացման: 

«Նստած կենսակերպն ընդամենը ֆիզիկական ակտիվության պակաս չէ, այլ ճարպակալությամբ տառապող չափահաս մարդկանց առողջության ռիսկի առանձին գործոն », - ընդգծել են փորձագետները:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 927 հիվանդի վիճակը, որոնք ստամոքսի կրճատում էին անցել: Բժիշկները հետեւյալ հարաբերակցությունն են պարզել. ամեն ժամը, որն անցկացնում էին նստած վիճակում, 15 տոկոսով մեծացնում էր դիաբետի ռիսկը, 12 տոկոսով` նյութափոխանակային համախտանիշի զարգացման ռիսկը, 14 տոկոսով արյան բարձր ճնշման ռիսկը: 

Այդ հետազոտության մասին պատմում է Preventive Medicine գիտական ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում