Էլեկտրոնային սպեղանին կարող է օգնել հետտրավմատիկ խանգարման բուժմանը

1 փետրվարի, 2016  23:51

Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների մշակած նոր էլեկտրոնային «սպեղանին» օգնում է բարելավել հետտրավմատիկ սթրեսային խանգարումով մարդկանց վիճակը: Առայժմ այդ սարքը փորձարկվել է ընդամենը 12 կամավորի վրա, հետազոտության մեջ վերահսկիչ խումբ չի եղել, սակայն ստացված արդյունքները գիտնականներին խոստումնալից են թվում:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը հոգեկան լուրջ խանգարում է, որն ի հայտ է գալիս սթրեսային իրավիճակին, օրինակ` ռազմական գործողնություններին մասնակցությանը ի պատասխան: Սովորաբար նման խանգարումով հիվանդներին բուժում են վարվելակերպային թերապիայի եւ հակադեպրեսանտների միջոցով, ԱՄՆ-ին նման բուժումը տարեկան 45-50 մլրդ դոլար է արժենում: Ավելին, այդ բուժումը ոչ բոլորին է օգնում, որոշ հիվանդներ դեռեւս մի քանի տարի տառապում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումից:

Քալիֆորնիայի համալսարանից Էնդրյու Լեհթերին եւ իր գործընկերներին հաջողվել է հատուկ սարք ստեղծել, որը, ազդելով եռվորյակ նյարդի վրա, ազդում է ուղեղի որոշակի հատվածների վրա: Սարքն աշխատում է 9 վոլտանոց մարտկոցով:

Օգտագործելուց 8 շաբաթ անց, որի ընթացքում հիվանդները շարունակել են հակադեպրեսանտներ ընդունել, 12 մասնակցից 11-ի մոտ էական բարելավումներ են արձանագրվել: Հիմնականում դրանք ի հայտ էին գալիս հետազոտության երկրորդ շաբաթում, իսկ սարքի օգտագործումը գործնականում ոչ մի երկրորդական հետեւանք չէր ունենում:  Սակայն հետազոտության մասնակիցներից մեկը մինչեւ փորձարկման ավարտն ինքնասպան էր եղել:

Այնուամենայնիվ, նոր սարքի արդյունավետությունն իրոք հաստատելու համար անհրաժեշտ է ավելի լայնածավալ հետազոտություն իրականացնել, որում, փորձարկվողից բացի, նաեւ վերահսկիչ խումբ կլինի, որը կօգտագործի չաշխատող սարք: Այլ կերպ անհնար է հասկանալ` արդյոք ստացված արդյունքը կապված է սարքի կիրառության հետ, թե պլացեբոյի էֆեկտն է իր դերը խաղացել: Ներկայումս գիտնականները մասնակիցներ են հավաքում նման հետազոտության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում