Դաբաղ. ի՞նչ է իրենից ներկայացնում եւ որքանով է վտանգավոր

1 փետրվարի, 2016  16:43

Մի քանի օր առաջ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հայաստանի մի քանի շրջանում կենդանիների մոտ դաբաղի դեպքեր են արձանագրվել: Իրենից ինչ է ներկայացնում դաբաղը եւ որքանո՞վ է վտանգավոր մարդու համար:

Ի՞նչ է դաբաղը

Ինչպես նշել է դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, դաբաղը հարուցիչային վարակ է, որը փոխանցվում է կենդանիների միջոցով. դրանով առավել հաճախ հիվանդանում են երկեղջյուր կենդանիները, եւ մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանիների եւ նրանց արտաթորանքի, ինչպես նաեւ չպաստերիզացված կաթի եւ դրանից պատրաստված մթերքների հետ շփման հետեւանքով: Տեսականորեն կարելի է վարակվել նաեւ հիվանդ կենդանու մսից, բայց դա շատ հազվադեպ է տեղի ունենում: 

Դաբաղը որքանո՞վ է վտանգավոր մարդու համար

Դաբաղը սովորաբար մարդու համար մահացու չէ, բայց բավականին… տհաճ հիվանդություն է համարվում: Վարակումից հետո ինկուբացիոն շրջանը կարող է 2-ից 12 օր տեւել, սովորաբար` 3-4 օր: Այդ ժամանակահատվածից հետո բարձրանում է հիվանդի    ջերմաստիճանը (մինչեւ 39—40°С), դող է սկսվում, գլխացավ եւ մկանային ցավեր, ավշային հանգույցները մեծանում են: Լորձաթաղանթին հեղուկով լցված փուչիկներ են հայտնվում:  1-2 օրից դրանք բացվում են, եւ դրանց տեղում էրոզիաներ են մնում, որոնք կարող են միաձուլվել եւ վերաճել արտահայտման խոշոր օջախների: 

Երեխաների մոտ հիվանդության ծանր բուժումը կարող է վտանգավոր լինել, զգուշացնում են մասնագետները: 

Ինչպե՞ս են բուժում դաբաղը

Դաբաղով վարակվածին պետք է առնվազն 14 օրով հիվանդանոց տեղափոխել, որոնց ընթացքում նա հակահարուցիչային բուժում է ստանում, առատ հեղուկ եւ հեշտ մարսվող կիսահեղուկ սնունդ: Երբեմն, եթե բերանի խոռոչը վնասված է եւ հիվանդը չի կարողանում կուլ տալ, ստիպված են լինում  զոնդով կերակրում կիրառել:

Հիվանդության չբարդացած ընթացքի դեպքում 5-7 օրից հիվանդի վիճակը լավանում է, սակայն լինում են նաեւ վարակման ծանր դեպքեր, որոնց ընթացքում հիվանդությունը կարող է մինչեւ մի քանի ամիս տեւել եւ արտահայտվել կրկնակի ցաներով:

Ինչպե՞ս է հնարավոր պաշտպանվել դաբաղից

Դաբաղով վարակման կանխարգելման համար Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս   հում եւ չպաստերիզացված կաթ չօգտագործել, չուտել հում միս  (որոշ մարդիկ համտեսում են հում միսը` հասկանալու, թե դրա մեջ աղի եւ համեմունքների քանակն արդյոք բավարար է, բայց մասնագետի խոսքով, դա շատ, շատ վտանգավոր է): Խորհուրդ է տրվում նաեւ հաճախ լվալ ձեռքերը, միս եւ կաթնամթերք չգնել չստուգված առեւտրականներից, իսկ կենդանիներին պատվաստել դաբաղի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում