Զիկա վիրուսը կարող է կուրությա՞ն հանգեցնել

11 փետրվարի, 2016  17:25

Հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակված կանանց երեխաները ծնվում են ոչ միայն միկրոցեֆալիայով եւ անհամաչափորեն փոքր գանգով, այլեւ տեսողական խնդիրներով:  Այդ մասին տեղեկացնում են Զիկա վիրուսի հետեւանքով միկրոցեֆալիայով ծնված 29 նորածնի ուսումնասիրած բրազիլացի բժիշկները: 

29-ից 10 երեխայի ցանցենում կամ տեսողական նյարդում նրանք անոմալիաներ են հայտնաբերել, ընդ որում նրանցից 7-ի մոտ արատներ կային երկու աչքում էլ: Այսպիսով` գիտնականները ապացույց են գտել, որ մոր արգանդում Զիկա վիրուսով վարակումը հանգեցնում է ոչ միայն միկրոցեֆալիայի, այլեւս բնածին այլ արատների: Իրենց հետազոտության մասին գիտնականները պատմել են JAMA Opthamology ամսագրում:

Այս երեխաներից 23-ի մայրերի մոտ հղիությա ընթացքում Զիկա տենդի ախտանիշներ են եղել. ցան, տենդ, հոդացավ, գլխացավ եւ քոր: 18 կնոջ մոտտ այս ախտանիշներն ի հայտ են եկել հղիության առաջին եռամսյակում:

Այդ երեխաների մոտ գիտնականները աչքի հետին մակերեւույթի, ցանցենու վնասվածքներ են հայտնաբերել, ցանցենու շուրջը արյունատար անոթների եւ հյուսվածքների խնդիրներ:   8 աչքում գիտնականները նաեւ օպտիկական նյարդերի վնասվածքներ են հայտնաբերել: Այդ բոլոր խնդիրները կարող են տեսողության լուրջ խանգարումների, ինչպես նաեւ կուրության հանգեցնել:

Վերջին ամիսներին Զիկա վիրուսը տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում` վարակելով հսկայական թվով մարդկանց:  Հիվանդների մեծամասնության համար վիրուսը վտանգավոր չէ. Շատերի մոտ նույնիսկ հիվանդության ոչ մի ախտանիշ չի լինում: Բայց եթե վիրուսով հղի կին է վարակվում, պտղի մոտ հաճախ միկրոցեֆալիա է զարգանում. նրա գլուխը եւ ուղեղը նորմայից անհամեմատ ավելի փոքր են լինում: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով, Բրազիլիայում միկրոցեֆալիայով արդեն 3174 երեխա է ծնվել:

Վիրուսը հիմնականում փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով, սակայն կարծիք կա, որ այն կարող է փոխանցվել նաեւ սեռական եղանակով եւ հեղուկների միջոցով, օրինակ` թքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում