Երեւանում տեղի կունենա «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի հանձնաժողովի նիստ

4 մարտի, 2016  22:31

Երեւանում մարտի 9-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում, ժամը 14:00-16:00 տեղի կունենա «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստ։

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ ծրագրի խորհրդատվական հանձնաժողովին և գործընկեր կազմակերպություններին կներկայացվի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողությունները, արձանագրված ձեռքբերումները, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերը: Կներկայացվեն նաև ներկայում Հայաստանում սեռով պայմանավորված պտղի ընտրության խնդրով զբաղվող գործընկերների նախաձեռնություններն ու համակարգման խնդիրները:

 «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը՝ առնվազն 10%-ով։

Ծրագրի ազդեցությունը կամրապնդվի երեք հիմնական արդյունքների շնորհիվ՝ քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում՝ երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, և երեխայի սեռի կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը կբարձրանա:

Նշված երեք գերակա ուղղություններով նախատեսված են փոխկապակցված հաջորդական, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք գործողություններ և միջոցառումներ:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում