Սննդակարգում յուղի ավելցուկը մեծացնում է աղիների քաղցկեղի զարգացման վտանգը

8 մարտի, 2016  23:49

Սննդակարգում յուղի ավելցուկը բացասաբար է ազդում աղիների բջիջների առողջության վրա եւ մեծացնում է դրանց` քաղցկեղայինների վերաճելու վտանգը: Նոր հետազոտությունը, որի մասին պատմում է  Nature ամսագիրը, եւս մեկ անգամ հաստատում է այն տեսությունը, թե ճարպակալումը եւ յուղոտ ու կալորիական սննդակարգը մեծացնում են քաղցկեղի շատ տեսակների զարգացման վտանգը: 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները գիտափորձ են կատարել լաբորատոր մկների մասնակցությամբ,  որոնց  կերակրել են բարձր կալորիականությամբ սննդով, որի 60 տոկոսը ճարպերից էր կազմված: Նրանք հայտնաբերել են, որ յուղոտ սննդի ազդեցությամբ կենդանիների օրգանիզմում ակտիվանում է PPAR-դելտա սպիտակուցը, որի գործառնականությունը կապված է նյութերի փոխանակության հետ եւ ճարպոտ թթուներին բջիջների հակազդեցության: 

Գիտնականների խոսքով, տվյալ սպիտակուցի ակտիվացումն աղիներում ցողունային բջիջների անկանոն աճի պատճառ է դառնում, ինչն էլ ի վերջո կարող է գործի դնել ուռուցքային գործընթացները: Հետազոտողներն ընդգծում են, որ   PPAR-դելտա սպիտակուցի ակտիվությունը կարող է մարդկանց մոտ քաղցկեղի բավականին հավաստի նշիչի դեր կատարել, հատկապես այն մարդկանց, ովքեր աչքի են ընկնում ավելորդ քաշով: 

Այս հետազոտությունը դեռեւս չի ապացուցում, թե ավելորդ քաշը եւ ճարպակալումը կարող են ուռուցքային հիվանդությունների, մասնավորապես` աշխարհում այդ հիվանդացման ամենատարածված տեսակի` աղիների քաղցկեղի վտանգավոր սադրիչներ լինել: 

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճարպակալմամբ մարդիկ ավելի հաճախ են տառապում ուռուցքային հիվանդություններից», - նման եզրակացություն են արել հետազոտողները, որոնք համադրել են այդ ուղղությամբ նախորդ հետազոտությունների եւ նոր նախագծի տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում