Նյու Յորքի Սիթի-քոլեջի (City College of New York) աշխատակիցները ճարպակալման ռիսկի գնահատման նոր մեթոդ են մշակել՝ մարմնի ձեւի ինդեքս (A Body Shape Index, ABSI), որով առաջարկում են փոխարինել մարմնի զանգվածի հայտնի ինդեքսը (ՄԶԻ, Body Mass Index, BMI):
Հետազոտողները կարծում են, որ մարմնի զանգվածի ինդեքսը հավաստի ցուցիչ չէ այն բանի՝ մարդն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, թե ոչ, քանի որ զարգացած մկաններով սպորտսմենների ՄԶԻ-ն կարող է նորմայից բարձր լինել, իսկ տեսականորեն նորմալ ՄԶԻ-ով մարդը կարող է ունենալ թեթեւ ոսկորներ ու ավելորդ ճարպային կուտակումներ: Հետազոտողների կարծիքով՝ իրենց ստացած մարմնի ձեւի ինդեքսը կարող է ավելի արդյունավետ ցույց տալ՝ մարդն ունի ճարպային կուտակումներ եւ դրանց հետ կապված վաղաժամ մահվան ռիսկ, թե ոչ: Նայր եւ Ջեսսե Քրաքաուերները Նյու Յորքի Սիթի-քոլեջից ուշադրություն են դարձրել հետազոտության վրա, որը 1980-ականների կեսերին եւ 7 տարի հետո կատարվել է Մեծ Բրիտանիայում(HALS1 и HALS2): Մինչեւ 2009 թվականը հետազոտությանը մասնակցած 7011 հոգուց 2203-ը մահացել է տարբեր պատճառներով: Քրաքաուերներն ուսումնասիրել են մահացած մարդկանց ֆիզիկական տվյալները՝ պարզել են նրանց հասակը, քաշը, կոնքի շրջագիծը, կոնքերի եւ ազդրերի հարաբերակցությունը, հաշվել են նրանց ՄԶԻ-ն եւ մարմնի ձեւի ինդեքսն ու պարզել, որ որովայնային խորշում ճարպի ավելորդ կուտակումն իսկապես հանգեցնում է մի շարք հիվանդությունների եւ մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը:
ՄԶԻ-ն ոչ մի տեղեկություն չի տալիս՝ մարդու որովայնային խորշում ավելորդ ճարպ կա, թե ոչ, քանի որ հաշվվում է մարդու հասակի եւ քաշի հարաբերակցությամբ, իսկ մարմնի ձեւի ինդեքսի հաշվման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն հասակն ու քաշը այլեւ սեռը, տարիքը եւ կոնքի շրջագիծը: Ուստի հետազոտողները կարծում են, որ հենց մարմնի ձեւի ինդեքը կարելի է օգտագործել որպես մարդու առողջության ցուցիչ, եւ դրա միջոցով պարզել՝ մարդը ճարպակալում չունի, թե ոչ:
Քրաքաուերներն իրենց հետազոտությունը հրապարակել են PLOS ONE ամսագրում:






