• Latest news

Ինչպես անձնական պատմությունը ֆրանսահայ բժշկին դրդեց Հայաստանում նոր ծառայություն հիմնել

11 հունիսի, 2016  22:12

Հայաստանում Քիմիաթերապիայի բաժանմունքի հիմնադրումը ֆրանսահայ հայտնի բժիշկ Գեւորգ Աբգարյանի վաղամեռիկ կնոջ վերջին ցանկությունն էր: 2012 թվականին քաղցկեղից մահացած կնոջ ցանկությունը կյանքի կոչվեց, երբ Գեւորգ Աբգարյանն իր վաղեմի ընկերոջ` Հարություն Քուշկյանի հետ նախաձեռնեց նոր ծառայության ստեղծումը: Հերթական անգամ Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Նաիրի» ԲԿ Քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծման եւ գործունեության մասին:

Ծավալվեցին անհրաժեշտ աշխատանքները, բաժանմունքի համար առանձնացված տարածքում ստեղծվեցին հատուկ պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար: Վերապատրաստվելու համար մասնգետները մեկնեցին Եվրոպա:

«Նաիրի» ԲԿ–ի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար նշանակվեց երիտասարդ բժիշկ Լեւոն Բադալյանը: Բաժանմունքը համագործակցում է Փարիզի Hopital Prive Nord Parisien կլինիկայի հետ, որի վերակենդանացման եւ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի ղեկավարն է Գեւորգ Աբգարյանը: Սկզբնական շրջանում բոլոր հիվանդների  լաբորատոր- գործիքային հետազոտությունների արդյունքները ուղարկվում էին Փարիզի Hopital Prive Nord Parisien կլինիկա: Ուղարկված տվյալների հիման վրա հրավիրվում էր կոնսիլիում, որի ժամանակ համապատասխան նեղ մասնագետները կոնկրետ հիվանդի համար մշակում էին բուժման անհատական ալգորիթմը:

Այս սկզբունքը այժմ կիրառվում է միայն բարդ եւ խնդրահարույց դեպքերում։ Այսօր բաժանմունքի ստեղծումից չորս տարի անց, Գեւորգ Աբգարյանը վստահությամբ փաստում է՝ Լեւոն Բադալյանը որպես ինքնուրույն բժիշկ մասնագիտական բարձր որակներ է ցուցաբերում:

Հիմա բաժանմունքի ղեկավարը հիվանդների տվյալների հետ ուղարկում է նաեւ բուժման իր սխեման, եւ այն հիմնականում համապատասխանում է ֆրանսիացի գործընկերների առաջարկած սխեմաներին։ «Ֆրանսիացի բժիշկները Լեւոնի մասնգիտական ունակությունները  բարձր են գնահատում, ասում են, որ նա այլեւս իրենց կոնսիլիումների կարիքը չունի։ Սակայն դժվար, բարդ դեպքերը միեւնույն է ներկայացնում ենք ֆրանսիական կողմին:», – պատմում է Գեւորգ Աբգարյանը։ 

Բժիշկը ցավով արձանագրում է, որ Հայաստանում հիվանդները դիմում են քաղցկեղի ուշ փուլերում, արդեն մեթաստազներով։ Բայց նույնիսկ այս պարագայում «Նաիրի» ԲԿ–ում արձանագրվում են բավականին լավ արդյունքներ։

Ըստ ֆրանսահայ բժշկի խնդիրը լուծելու համար պետք է եւ պետությունը որոշակի սքրինինգային ծրագրեր իրականացնի, եւ մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում 40 տարեկանից հետո պարտադիր անվճար մամոգրաֆիկ հետազոտություն են անցնում բոլոր այն կանայք, որոնց հարազատները ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ, իսկ կոլոնոսկոպիան 50 տարեկանից հետո անվճար է բոլորի համար: 

Գեւորգ Աբգարյանը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է համարում բժշկական ապահովագրության համակարգի լիարժեք կայացումը։ Ֆրանսիացի բժիշկը չի զլանում մեկ անգամ եւս շեշտել, որ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է ծխելը  եւ այս համատեքստում կարեւորում է նաեւ ծխելու դեմ պայքարի պետական ծրագրերը` վկայակոչելով Ֆրանսիայի հայտնի փորձը:

Այս անգամ Գեւորգ Աբգարյանը Հայաստան է եկել իր գործընկերոջ Փարիզի Hopital Prive Nord Parisien կլինիկայի ուռուցքաբան Կարոլին Դենո Սփեյերի հետ։ Դենո Սփեյերը կանացի օրգանների եւ կրծքագեղձի   խորհդատվություններ եւ վիրահատություններ է իրականացրել «Նաիրի» ԲԿ–ի բժիշկների հետ։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել