24-ամյա Շեյլա Բատտիի պտղաջրերը գնացել են հղիության 16-րդ շաբաթում: Բժիշկները պնդում էին, որ երեխան ողջ չի մնա եւ նրան խորհուրդ էին տալիս աբորտ անել, սակայն Շեյլան որոշեց անել ամեն հնարավորը հղիության պահպանման համար: Չնայած ամեն ինչին, փոքրիկ Ռայանը ողջ մնաց եւ լույս աշխարհ եկավ:
Շեյլայի ջրերն աստիճանաբար գնացին, մի քանի օրվա ընթացքում, նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում, կարծում էր, թե ուղղակի անմիզապահություն ունի: Միայն հետագայում բժիշկները նրա մոտ խանգարում ախտորոշեցին, որի մասին Շեյլան կյանքում ոչ մի անգամ չէր լսել` պտղային թաղանթի նախածննդաբերական պատռվածք (ՊԹՆՊ):
Շեյլայի մոտ մերձպտղային այնքան քիչ ջուր էր մնացել, որ ԳՁՀ-ով ուղղակի անհնար էր ուսումնասիրել երեխային եւ հասկանալ, թե որ սեռի է: Սակայն նրա սրտխփոցը լսելի էր, եւ Շեյլան կտրականապես հրաժարվեց աբորտից: Նա հասկանում էր, որ երեխան գործնականում ողջ մնալու շանսեր չունի եւ նույնիսկ եթե հրաշք լինի եւ ողջ մնա, կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ:
Ապագա մայրիկին պահպանության դրեցին մի ամբողջ ամիս, եւ ամեն երեք ժամը մեկ բժիշկները հաշվարկում էին զարկերակային ճնշման ցուցմունքները, ինչպես նաեւ ամեն շաբաթ ստուգում էին արյան մեջ վարակի առկայությունը: Շեյլային ստերոիդների ներարկումներ էին անում, որպեսզի երեխայի թոքերն ավելի արագ ձեւավորվեին: Սակայն ստերոիդները մեծացնում են որեւէ վարակով վարակվելու ռիսկը, այդ պատճառով նրա վիճակը մշտական հսկողության տակ էին պահում:
Հղիությունը հաջողվեց պահպանել մինչեւ 24 շաբաթական ժամկետ, որում անհաս երեխան արդեն ողջ մնալու շանսեր ունի: Իսկ 28-րդ շաբաթում Շեյլային դուրս գրեցին: Բառացիորեն մեկ ու կես շաբաթ անց նրա մոտ ծննդաբերական ցավեր սկսվեցին:
Ծննդաբերության ընթացքում աղջկան նոր բարդություններ էին սպասում. նրա արգանդի վզիկը չէր բացվում վարակի պատճառով: Բժիշկները ստիպված եղան կեսարյան հատում իրականացնել, ինչից հետո երեխային ուղարկեցին ինկուբատոր: Միայն մեկ շաբաթ անց մայրիկին թույլ տվեցին տղային ձեռքը վերցնել:
Երեխային արյան մի քանի ներարկում արեցին եւ ճողվածքի հեռացման վիրահատություն, երբ նա 4 ու կես ամսական էր, բայց այսօր նրա առողջությանն արդեն ոչինչ չի սպառնում: Նրան Ռայան են կոչել, որ նշանակում է «իմաստուն»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր