• Latest news

Ճանաչեք հիվանդությունները. ֆիբրոմիալգիա

19 փետրվարի, 2017  15:22

Ֆիբրոմիալգիան հիվանդություն է, որն արտահայտվում է մկանների ու հոդերի ուժեղ զգայունությամբ ու ցավերով։ Ֆիբրոմիալգիայի առաջին ախտանշանները նկարագրված են եղել 19-րդ դարի սկզբին. այն ժամանակ այդ հիվանդությունը անվանում էին «մկանային ռեւմատիզմ», սակայն այսօր ֆիբրոմիալգիան առաջվա պես հանելուկ է բժշկության համար։ Այդ հիվանդության շուրջ կան բազմաթիվ առասպելներ ու մոլորություններ: Որոշ բժիշկներ առհասարակ դա հիվանդություն չեն համարում, գրում է Medical News Today-ը։

Երեք հիմնական առասպելներ

1. Նման հիվանդություն գոյություն չունի

Ցավը սուբյեկտիվ հասկացություն է ու երբեմն այն դժվար է չափել։ Դրա համար էլ ֆիբրոմիալգիայի շուրջ գլխավոր մոլորությունն այն է, որ այն գոյություն չունի։ Սակայն փորձառու բժիշկներն ու այդ հիվանդությունից տառապողներն ասում են, որ այդ հայտարարությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։

«Մենք առաջվա պես չգիտենք այդ հիվանդության զարգացման ճշգրիտ մեխանիզմը, բայց հստակ գիտենք, որ դա դիֆուզային համալիր ցավային ախտանիշ է»,- մեջբերում է պարբերականը Sapphire Women’s Health Group կազմակերպության ղեկավար Դոննիկա Մուրին։ «Երբեմն հիվանդությունն առաջանում է առանց տեսանելի պատճառի։ Այլ դեպքերում երկրորդային ֆիբրոմիալգիան զարգանում է քնի քրոնիկ պակասի, վիրուսային ինֆեկցիաների, Լայմի հիվանդության, արթրիտի, հիպոտիրեոզի ու այլ հիվանդությունների դեպքում»։

Շարլին Հոֆֆմանի մոտ ֆիբրոմիալգիան ախտորոշել են 2014-ին։ Նա պատմում է․ «Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք ասում էին, որ այդ ամենը ես եմ հորինում։ Ոչ բոլոր բժիշկները բավականաչափ գիտելիքներ ունեն այդ հիվանդության մասին ու քչերն են հասկանում, թե ինչպես բուժեն այն, էլ չեմ ասում՝ ախտորոշման մասին։ Ես պարզապես անտեսում են նրանց, ովքեր չեն հասկանում, որ ես հիվանդ եմ»։

2. Հիվանդությունը միայն տարեց կանանց է ախտահարում

Արթրիտի, մկանակմախքային ու մաշկային հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի տվյալներով՝ ֆիբրոմիալգիայով հիվանդների մոտ 80-90 տոկոսը իրոք կանայք են։ Սակայն տղամարդիկ էլ կարող են հիվանդանալ՝ ընդ որում երիտասարդները։

3. Ցավն ուժեղ չէ ու չի ազդում ամենօրյա կյանքի վրա

Ֆիբրոմիալգիայով տառապողներից ոմանք այնքան ուժեղ ցավ են զգում, որ չեն կարողանում ոչինչ անել։ Դա համապատասխանաբար ազդում է կյանքի որակի վրա։ «Ես լավ նկարիչ եմ, բայց նկարչությունը ինձ ցավ է պատճառում՝ քանի որ կրկնվող շարժումներ է ենթադրում»,- պատմում է Հեյդի Մոուզլին, որի մոտ հիվանդությունը մանկության տարիներին են ախտորոշել։

Ցավից բացի ֆիբրոմիալգիան առաջացնում է նաեւ այլ խնդիրներ՝ քրոնիկ հոգնածություն, դեպրեսիա, գլխացավ ու միգրեն, ցավոտ դաշտան, գրգռված աղիների համախտանիշ, առավոտյան կաշկանդվածություն։

Ցավի ու զգայունության հետ միասին այդ ախտանշանները կարող են լրջորեն խանգարել նորմալ կյանքին

Պատճառներն ու ախտորոշումը

Ֆիբրոմիալգիան իրոք հեշտ չէ ախտորոշել, քանի որ հիվանդության առաջացման ակնհայտ պատճառ գոյություն չունի։ ՀԻմնական ախտանիշը ցավն ու զգայունությունն է ամբողջ մարմնում, սակայն էլ ավելի հաճախակի է հանդիպում հոգնածությունը, անքնությունը ու հիշողության եւ ուշադրության խնդիրները։

Մասնագետները առանձնացնում են մի քանի գործոն, որոնք կարող են բարձրացնել հիվանդության առաջացման վտանգը՝ ֆիզիկական կամ հոգեկան ծանր ապրումներ առաջացրած իրադարձություններ, օրինակ վթար, բազմակի վնասվածքներ, գենետիկա, ԿՆՀ-ի հետ խնդիրներ։

Ֆիբրոմիալգիան ախտորոշելու համար բժիշկները հաճախ են հիվանդներին խնդրում նկարագրել իրենց ցավը։

Ռենտգենի կամ արյան անալիզի նման թեստեր չեն պահանջվում, բայց բժիշկը կարող է նշանակել դրանք ՝ մեկ այլ հիվանդություն բացառելու համար։ Շատ հիվանդներ այցելում են բազմաթիվ բժիշկների, մինչեւ նրանց մոտ ախտորոշում են այդ հիվանդությունը։ Պետք է գտնել բանիմաց մասնագետի։

Սակայն դա չի նշանակում, որ հիվանդությունն առհասարակ անհնար է ախտորոշել։ Ռեւմատոլոգիայի ամերիկյան քոլեջը մի քանի չափանիշ է առանձնացրել, որոնք բժշկական համայնքը օգտագործում է հիվանդությունը որոշելու համար.

  • Վերջին շաբաթվա ընթացքում ցավն ու ախտանշաննները՝ հիվանդ հատվածների ընդհանուր թվի հիման վրա
  • Ախտանշանների զգացողության տեւողությունն առնվազն երեք ամիս
  • Առողջության հետ կապված այլ խնդիրների բացահայությունը, որոնք կարող էին բացատրել ցավն ու մյուս ախտանշանները:

Մյուս ախտանշաններից են հոգնածությունը, առավոտյան «կոտրված» լինելու զգացողությունը, հիշողության կամ մտածողության հետ կապված եւ ֆիզիկական այլ խնդիրեր:

Բուժումը

2004 թվականին Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության ամերիկյան վարչությունը (FDA) հավանության է արժանացրել ֆիբրոմիալգիայի բուժման համար նախատեսված պրեգաբալին դեղամիջոցը («Լիրիկա»): Այն նաեւ օգտագործվում է ցավագին այլ ախտանշանների եւ էպիլեպսիայի դեպքում:

Բժիշկները կարող են նաեւ այլ դեղամիջոցներ առաջարկել. պարացետամոլ, իբուպրոֆեն, մապրոքսեն: Ցավի եւ հոգնածության դեմ կարող են օգտակար լինել նաեւ որոշ հակադեպրեսանտներ:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ կանոնավորապես ֆիզիկական վարժություններ կատարել, առողջ դիետայի հետեւել եւ լավ քնել, հոգայով եւ չինական մարմնամարզությամբ զբաղվել, օգտակար կարող են լինել նաեւ  ասեղնաբուժությունն ու մերսումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է