• Latest news

«Այս հիվանդների համար փոխպատվաստումը կյանքի ճանապարհ է». Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

10 ապրիլի, 2017  15:41

Հայաստանում այսօր՝ ապրիլի 10-ին առաջին անգամ արյան չարորակ հիվանդությամբ՝ միելոմայով տառապող երկու հիվանդների ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվել:

Առաջին հիվանդը 50-ամյա կին է Արցախից: Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին պատմել է, որ անցյալ տարի հիվանդը քիմիաթերապիա է ստացել, որն ակնկալվող արդյունքը չի տվել: Նրան փոխպատվաստում է նշանակվել, ինչի համար հիվանդը պետք է արտերկիր մեկներ: Սակայն կինը որոշել է իր բուժումը վստահել տեղացի մասնագետներին. արյունաբանական կենտրոնն այդ ժամանակ արդեն կառուցված էր, իսկ մասնագետները՝ Եվրոպայում վերապատրաստված, որոնք պատրաստ էին Հայաստանում առաջին անգամ նման գործողություն կատարել:

Երկրորդ հիվանդը Հայաստանից տղամարդ է: Նրա կինը լրագրողներին պատմել է, որ ամուսինը հիվանդ էր շուրջ մեկ տարի, ուժեղ ցավերը տանջել են նրան, հաճախ կոտրվածքներ է ունեցել: Դեղորայքի օգնությամբ նրան «ոտքի են կանգնեցրել», իսկ փոխպատվաստումը հնարավորություն կտա նորմալ կյանքի վերադառնալ:

«Այս հիվանդների համար փոխպատվաստումը կյանքի ճանապարհ է: Դա նրանց կյանքը երկարացնելու միակ միջոցն է»,- նշել է Սմբատ Դաղբաշյանը:

Նա հավելել է, որ առաջին երկու փոխպատվաստումը կատարվել է Համբուրգ-Էպենդորֆի կլինիկայի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրեգերի գլխավորությամբ: Հետագայում հայ մասնագետները կկարողանան նաեւ ինքնուրույն կատարել գործողությունը:

Նիկոլաուս Կրեգերն իր հերթին նշել է, որ ցողունային բջիջների փոխպատվաստումն արյունաբանական հիվանդությունների բուժման կարեւոր մաս է, եւ այս մեթոդը հսկայական պոտենցիալ ունի: Այն, իհարկե, բարդ է, եւ ինչպես թանկարժեք սարքավորումներ, այնպես էլ բուժանձնակազմի գիտելիքներ ու հմտություն է պահանջում:

Մասնագետի հավաստմամբ՝ աուտոփոխպատվաստում (հենց հիվանդի բջիջների օգտագործմամբ) կատարելն ավելի դյուրին է, քան ալլոփոխպատվաստում (դոնորական բջիջների օգտագործմամբ), այդ պատճառով խորհուրդ է տրվում սկսել առաջինից, իսկ երբ պրոցեսը հարթ ընթանա, կարելի է անցնել դոնորական ցողունային բջիջների փոխպատվաստմանը:

Մասնագետը հիշեցրել է, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը երկարատեւ գործընթաց է, որը կարող է մի քանի շաբաթ տեւել: Փոխպատվաստումն ընդհանուր գործընթացի ոչ մեծ մասն է միայն, որը երկարատեւ նախապատրաստում է ենթադրում, ինչպես նաեւ երկարատեւ բուժում եւ հիվանդի վերականգնում:

«Այսօր առաջին հիվանդներն էին: Սա Հայաստանում ցողունային բջիջների փոխպատվաստման մեկնարկն է: Առջեւում թռիչներ եւ անկումներ են սպասվում, բայց վստահ եմ, որ թռիչքներն ավելին կլինեն»,- ասել է պրոֆեսոր Կրեգերը:

Սմբատ Դաղբաշյանն իր հերթին հիշեցրել է, որ ամեն տարի Հայաստանում շուրջ 60 հիվանդ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք է ունենում: Այս տարի ծրագրվում է 7-10 նման գործողություն կատարել: Բացի այդ՝ չի բացառվում, որ հայ մասնագետներին կսկսեն դիմել նաեւ հիվանդներ հարեւան երկրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել