• Latest news

Երեւանում ինչպե՞ս ճիշտ զանգահարել շտապ օգնության ծառայությանը

15 ապրիլի, 2017  18:52

Եթե դժբախտ պատահարի ականատեսն եք դարձել կամ հանդիպել եք փողոցում անգիտակից պառկած մարդու, անհրաժեշտ է 4 պարզ գործողություն կատարել. առաջին հերթին հարկ է համոզվել, որ ձեր անվտանգությանը ոչինչ չի սպառնում (օրինակ՝ եթե մոտենաք տուժողին, ձեր գլխին ոչ մի բան չի ընկնի տանիքից), այնուհետեւ ապահովել տուժողի անվտանգությունը, զանգահարել շտապ օգնություն եւ տուժողին ձեր կարողության սահմաններում օգնություն ցույց տալ մինչեւ պրոֆեսիոնալների ժամանելը:

Շտապօգնություն զանգահարելը կարող է այս կետերից ամենահեշտը թվալ, բայց իրականում անենեւին էլ այդպես չէ. մարդկանցից շատերը խուճապի են մատնվում, չեն հայտնում անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, եւ սա նկատելիորեն դժվարացնում է շտապ օգնության աշխատանքը:

Շտապօգնության բժիշկ Արթուր Թորոսյանը ներկայացրեց, թե Երեւանում ինչպես պետք է ճիշտ զանգահարել շտապօգնության ծառայությանը:

Շտապ օգնության երեւանյան ծառայության հեռախոսահամարն է՝ 1-03: Բոլոր տեղական օպերատորները այս համարին զանգն անվճար են միացնում:

Երբ միանաք շտապ օգնության ծառայության հեռախոսահամարով, ձեզ կպատասխանի կարգավարը: Ներկայանալով՝ նա կհայտնի իր համարը (օրինակ՝ «համար 15»): Ջանացեք այս համարը մտապահել, եթե հետագայում անհրաժեշտություն առաջանա, դուք կարող եք այս կարգավարի հետ կապ պահպանել, որն արդեն տեղյակ է ձեր վիճակին:

Ի՞նչ է պետք ասել կարգավարին

Առաջին հերթին ներկայացեք՝ հայտնելով ձեր անունը եւ ազգանունը, ապա պատմեք խնդրի մասին (օրինակ՝ դուք փողոցում անգիտակից վիճակում գտնվող մարդու եք գտել կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մարդիկ են տուժել): Կարգավարին հայտնեք տուժողի սեռը եւ տարիքը, ինչ խնդիրներ ունի, նա գիտակցության կորուստ ունի, թե ոչ, վնասվածքներ ունի, հայտնեք նրա հիվանդության կլինիկական դրսեւորումների մասին (գուցե մարդն արյան բարձր ճնշում ունի կամ կաթվածի կասկած կա):

Եթե դժբախտ պատահարի ականատեսն եք դարձել, կարգավարին հայտնեք տուժողների թիվը եւ նրանց մասին որքան հնարավոր է շատ տվյալներ: Փորձեք հայտնել, թե քանի տուժող գիտակցության կորուստ չունի: Արթուր Թորոսյանը նշեց, որ այս բոլոր տեղեկությունները կարգավարի համար շատ կարեւոր են՝ նա այսպես կարող է ճիշտ կողմնորոշվել, թե ինչ բրիգադ կամ բրիգադներ ուղարկի ձեզ մոտ:

Դրանից բացի, կարգավարը կարող է ձեզ հուշել՝ մինչեւ խմբի ժամանելը ինչ անել, տուժածներին կամ հիվանդներին ինչպիսի օգնություն ցույց տալ:

Ե՞րբ կգա շտապ օգնության մեքենան

Երեւանում շտապ օգնության 7 կայան եւ 35 բրիգադ կա: Բոլոր մեքենաները նավիգատորներ ունեն, եւ կայանում հետեւում են դրանց տեղադրությանը: Հետեւաբար, ինչպես նշեց Արթուր Թորոսյանը, բրիգադը երբեք բուժաշխատողների մեղքով չի ուշանում: Այն կարող է ուշանալ միայն այն դեպքում, եթե կանչերի թիվը մեծ է, եւ պարզապես ազատ բրիգադ չկա՝ նման դեպքերում կարգավարներն ազատված բրիգադին առաջին հերթին ավելի ծանր հիվանդի մոտ են ուղարկում: Օրինակ՝ բրիգադն առաջին հերթին կմեկնի սրտի կաթվածով մարդու մոտ, այլ ոչ թե նրա, ում ջերմությունն է բարձրացել:

Ամեն դեպքում, Արթուր Թորոսյանը վստահեցրեց, որ բրիգադը կմեկնի նման հնարավորություն ստեղծվելուց անմիջապես հետո: Սովորաբար դա տեղի է ունենում 10-15 րոպեի ընթացքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել