• Latest news

Ի՞նչ դեպքերում է անհրաժեշտ շտապ օգնության ծառայությանը դիմել

16 ապրիլի, 2017  21:32

Վերջին շրջանում մենք ավելի հաճախ ենք լսում մարդկանց պատմություններ, որոնք շտապ օգնության բրիգադ են կանչել եւ խնդրել իրենց մեջքը քորել կամ տեղեկանք գրել, որը կարելի է աշխատավայր ներկայացնել: Նման պատմությունները ոմանց կարող են ծիծաղելի թվալ, բայց իրականում խանգարում են շտապ օգնության ծառայության աշխատանքին՝ դրանց պատճառով մասնագետները կարող են ուշ հասնել այն հիվանդների մոտ, որոնք իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն:

Երեւանի շտապ օգնության բժիշկ Արթուր Թորոսյանը ներկայացրեց, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել շտապ օգնության ծառայությանը, եւ որ դեպքերում՝ ոչ:

Մասնագետը նշեց, որ անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ինֆարկտ, կաթված, զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում եւ այլն), քրոնիկական հիվանդությունների, շնչառական եւ նյարդային համակարգերի կամ որովայնի խոռոչի օրգանների հետ կապված սուր վիճակների դեպքերում: Անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել նաեւ վնասվածքների, թունավորումների, այրվածքների, տարբեր դժբախտ պատահարների, նաեւ ինքնասպանության փորձերի դեպքերում:

Եթե փողոցում անգիտակից վիճակում գտնվող մարդու եք գտել, սա եւս շտապ օգնություն կանչելու պատճառ է: Եթե մարդը գիտակցության կորուստ չունի, բայց տեսնում եք, որ նա իրեն վատ է զգում (օրինակ՝ կրծքավանդակն է բռնում կամ դժվար է շնչում), նույնպես խորհուրդ է տրվում շտապ օգնություն կանչել, եթե նույնիսկ մարդը հրաժարվում է օգնությունից:

Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներին, շտապ օգնություն կանչելն իմաստ ունի միայն այն դեպքերում, երբ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում կամ անհրաժեշտ է նրան հիվանդանոց տեղափոխել: Եթե մարդու մոտ շնչուղիների վիրուսային սուր ինֆեկցիա է՝ 37,5 աստիճան ջերմությամբ, շտապ օգնություն կանչելն իմաստ չունի, անհրաժեշտ է ըստ բնակության վայրի պոլիկլինիկա դիմել:

Իսկ ո՞ր դեպքերում շտապ օգնություն կանչելու անհրաժեշտություն չկա:

Մասնագետը նշեց, որ շտապ օգնությունը ոչ մի տեղեկանք չի տրամադրում (լինի աշխատունակության կամ անաշխատունակության մասին), դեղատոմսեր դուրս չի գրում, բուժող բժշկի նշանակած բուժում չի կատարում (ներարկումներ, կաթիլայինի միացում), այս ամենն անում են ըստ բնակության վայրի պոլիկլինիկայում: Շտապ օգնության մասնագետների խնդիրը իսկապես անհետաձգելի օգնության ցուցաբերումն է:

Արթուր Թորոսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, թե քանի որ շտապ օգնությունում աշխատող բրիգադների թիվը սահմանափակ է, չարժի առանց լուրջ անհրաժեշտության նրանց կանչել. ի վերջո՝ նույն պահին հարեւան փողոցում, հնարավոր է, մարդ լինի, ով իսկապես օգնության կարիք ունի, բայց ում մոտ մասնագետները ուշ են հասնում՝ հապաղելով չարդարացված կանչի պատճառով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է