• Latest news

Իսկական չարիք են ոչ թե արհեստական կերերը, այլ դրանց ագրեսիվ առաջմղումը. ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

18 հուլիսի, 2017  22:33

Նորածինների արհեստական կերերը չի կարելի ինչ-որ վատ բան համարել, սակայն դրանց ագրեսիվ առաջմղումը լուրջ խնդիր է աշխարհի շատ երկրներում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի  (ՅՈւՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Իհարկե, իրավիճակներ են պատահում, երբ անհնար է առանց արհեստական կերի, ուստի չի կարելի այն չարիք անվանել: Իսկական չարիքը այս կերերի ագրեսիվ առաջմղումն է, գովազդը, որով փորձում են մարդկանց համոզել, թե կերերը մայրական կաթից ավելի լավն են: Արհեստական կերերի նման առաջմղումը վնասակար է ե՛ւ մայրերի, ե՛ւ երեխաների համար»,- նշեց  ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Հայաստանում նորածինների միայն 35 տոկոսն է բացառապես կրծքի կաթ ստանում կյանքի առաջին 6 ամիսներին (ինչպես հրահանգում է ԱՀԿ-ը), չնայած կանանց 97 տոկոսն ի վիճակի է իր փոքրիկին բացառապես կրծքի կաթով կերակրելու: Այս խնդիրը, սակայն, հրատապ է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի բոլոր զարգացած եւ զարգացող երկրներում:

Արհեստական կերերը սկսեցին ակտիվորեն գովազդվել անցյալ դարի 60-70-ական թվականներին. դրանք ներկայացվում էին որպես օգտակար սնունդ, որը կարող է կրծքի կաթին ոչ միայն փոխարինել, այլեւ ավելի օգտակար է, քան այն:  Նման կարծիքը արմատակալել է ավագ սերնդի ներկայացուցիչներից շատերի ենթագիտակցության մեջ: Սակայն արդեն 80-ական թվականներին մասնագետները սկսեցին նկատել, որ կերերով սնված երեխաների առողջությունն ավելի թույլ է, քան այն երեխաներինը, որոնց կրծքով են կերակրել:

Վերջին 20-25 տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունները եւ երկրների իշխանությունները տարբեր ծրագրեր են իրականացնում կրծքով կերակրելը խրախուսելու եւ արհեստական կերերը միայն դրա համար լուրջ ցուցումների առկայության դեպքում օգտագործելու համար (օրինակ՝ մոր մոտ հիվադության առկայության դեպքում, որը կարող է կրծքի կաթով երեխային փոխանցվել):

Հայաստանում այս միջոցառումների շրջանակում դեռեւս 2015 թվականին ընդունվել է «Կրծքով կերակրելու խրախուսման եւ մանկական սնունդի շրջանառության մասին» օրենքը: Սակայն շատ մասնագետների կարծիքով՝ հայկական ծննդատներից շատերում հնարավոր ամեն ինչ չեն անում երկրում կրծքով կերակրելը խրախուսելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել