• Latest news

Վիրահատություն առանց ցավազրկման ու պայթուցիկը աչքի մեջ․ Ռոջեր Օհանեսյանի հիշողությունները 1992-ի մասին

9 օգոստոսի, 2017  22:34

1992-ի սեպտեմբերի 10-ին աչքի հայտնի վիրաբույժ Ռոջեր Օհանեսյանը (ԱՄՆ) մտադիր էր Մեծ Բրիտանիա մեկնել՝ ընտանիքի մոտ, երբ հաղորդագրություն է ստանում, որը փոխում է հետագա շաբաթների ու ամբողջ հետագա կյանքի նրա ծրագրերը։ Հայաստանի առողջապահության փոխնախարար Արա Գրիգորյանը կապվել էր նրա եւ սփյուռքի մյուս բժիշկների հետ՝ ասելով, որ Հայաստանում պատերազմ է ու շատ վիրավորներ կան, բժիշկների օգնությունն է պետք։

Ռոջեր Օհանեսյանը զանգահարում է կնոջն ու ասում, որ իր ծրագրերը փոխվել են, պետք է Հայաստան մեկնի, որտեղ իր օգնության կարիքը կա։

«Երբ պապս երիտասարդ էր, մի խումբ ընկերների հետ Հայաստան էր եկել՝ մարտնչելու։ Երբ փոքր էի, ինձ ասում էր, որ կգա ժամանակը, երբ ես նույնպես պետք է վերադառնամ իմ հայրենիք։ Ինչպե՞ս կարող էի չանել դա։ Ես զանգահարեցի կնոջս ու հարցրեցի, թե նա կառարկի՞, որ Հայաստան մեկնեմ, այլ ոչ թե իր մոտ։ Նա պատասխանեց, որ նախանձում է ինձ, չէ՞ որ ես կարող եմ որեւէ բան անել իմ հայրենիքի համար»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռոջեր Օհանեսյանը։

Պատերազմի տարիներին Ռոջեր Օհանեսյանը Հայաստան է ժամանում՝ իր հետ բերելով դեղորայք, բժշկական սարքավորում, ինչպես նաեւ իր գիտելիքներն ու հմտությունները։ Հայ բժիշկների հետ միասին նա հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի փրկի վիրավորված տղաների տեսողությունը։

1992-ի ամենատպավորիչ իրադարձությունների մասին պատմելիս Ռոջեր Օհանեսյանը հիշեց մի երիտասարդ զինվորի մասին, որին աչքի վիրահատություն էր պետք։ Անզգայացմամբ լիարժեք վիրահատություն կատարելու համար ցավազրկող նյութեր չկային, ստիպված էին վիրահատել առանց դրա։ Տղային ապակու երկու սուր կտոր են տվել. նա պետք է դրանք սեղմեր ափերի մեջ, որպեսզի ուշադրությունը շեղվեր աչքի ցավից։

«Ես ապշած էի այդ տղայի պահվածքից։ Բժիշկ Մալայանը հեռացրեց նրա աչքից բեկորը ու վերականգնեց աչքը։ Այդ ամբողջ ընթացքում տղան իրեն շատ զուսպ էր պահում, նրա ափերն արյունոտվել էին, բայց այդ կտրվածքները շեղում էին նրան աչքի վիրահատությունից։ Այդ տղայի աչքերը հաջողվեց փրկել, ու նա կարողացավ վերադառնալ նորմալ կյանքի»,- հիշում է վիրաբույժը։

Մեկ այլ երիտասարդ զինվորի աչքի մեջ ռազմական գործողությունների ժամանակ փոքր պայթուցիկ է մտել։ Սովորաբար դրանք ինչ-որ բանի դիպչելով՝ պայթում են, բայց տղամարդու աչքի մեջ մտնելով՝ սկսել է այրվել։ Զինվորն աչքից հանել է պայթուցիկն ու հնարավորինս հեռու նետել։ Հողին դիպչելով՝ այն պայթել է։

«Նա երրորդ աստիճանի այրվածքներ ուներ՝ ձեռքերին, դեմքին, աչքի վրա... Բայց եթե այն պայթեր աչքի մեջ, նա ողջ չէր մնա։ Երբ նրան վիրահատեցին, սրտի կանգ գրանցվեց, բայց բժիշկներին հաջողվեց այն նորից աշխատեցնել, ու տղամարդը ողջ մնաց։ Աչքը փրկել չհաջողվեց, բայց նրա երկրորդ աչքը նորմալ էր»,- պատմեց Ռոջեր Օհանեսյանը։

Հետագայում Հայաստան են հրավիրում պլաստիկ վիրաբույժ Հովարդ Կոնին, որը մի շարք պլաստիկ վիրահատություններ է կատարում, նրա հիվանդներից մեկն էլ հենց այդ զինվորն էր։ Վիրաբույժը մաշկի լաթով փակում է վերքը, որը մնացել էր աչքի տեղում։

«Այդ տղամարդը շատ երջանիկ էր վիրահատությունից հետո, ասում էր, որ այդպես արդեն երեխաներին իր տեքսով չի վախեցնի։ Նա պատերազմի հերոս էր, բայց նրան անհանգստացնում էր այն, որ իր դեմքը վախեցնում է երեխաներին...»:

Հայաստանի ու հրավիրված բժիշկների վիրահատական սեղանին այն տարիներին եղել են ոչ միայն զինվորականներ, այլեւ քաղաքացիական անձինք ու նույնիսկ երեխաներ, ովքեր տուժել էին ռազմական գործողություններից։ Տուժածներից մեկը՝ Ծովինար անունով 8-ամյա մի աղջիկ, հատկապես տպավորվել է Ռոջեր Օհանեսյանի հիշողությունում։

Ծովինարը փողոցում ավագ եղբոր հետ խաղալիս է եղել, երբ նրանցից ոչ հեռու արկ է ընկել։ Այն չի պայթել, ու երեխաները մոտեցել են՝ դիտելու։ Աղջիկն արկը ձեռքն է վերցրել, բայց եղբոր խնդրանքով նետել է։ Ընկնելով գետնին՝ արկը չի պայթել, ու հետաքրքրասեր տղան քարով հարվածել է դրան։ Արկը պայթել է։ Արնաշաղախ տղան քրոջը խնդրել է կանչել ծնողներին։

Բայց աղջիկը չի կարողանում հասնել ծնողների մոտ։ Մոտակայքով անցնող մեքենան տեսնում է ուշաթափված երեխային եւ հիվանդանոց հասցնում։ Միայն այնտեղ, ուշքի գալով, աղջիկը կարողանում է պատմել ավագ եղբոր մասին, բայց արդեն ուշ էր, տղային չեն կարողանում փրկել։

«Աղջկա աչքերի մեջ թափանցող վերքեր էին, նրան տեղափոխել էին Երեւան, վիրահատել, հեռացրել բեկորները, հիմա նա լավ տեսնում է։ Հիմա մեծացել է, գեղեցիկ, երիտասարդ կին է դարձել, մի քանի օր առաջ է ամուսնացել։ Նա հարսանիքին հրավիրել էր նաեւ Հայկական ակնաբուժական նախագծի աշխատակիցներին»,- պատմեց Ռոջեր Օհանեսյանը, որն այդ տարիների իրադարձություններից հետո էլ հիմնադրել է այդ նախագիծը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել