• Latest news

«Մեր նպատակը ոչ թե ծխախոտի վերահսկողությունն է, այլ առողջությունը». Ի՞նչ սպասել ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունից

27 օգոստոսի, 2017  15:59

Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությամբ նախատեսված բոլոր սահմանափակումները, որը կառավարությունը հավանության է արժանացրել ամսվա սկզբին, երկրում կմտցվեն միայն մեկ նպատակով՝ բնակչության առողջության պահպանման: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

«Մենք չենք պատրաստվում մտցնել սահմանափակումներ հանուն սահմանափակումների: Ցանկացած սահմանափակման նպատակը, որոնք ռազմավարության շրջանակում նախատեսված են օրենսդրական ակտերով, մարդկանց առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության բեռի նվազեցումն է: Մեր նպատակը ոչ թե ծխախոտի վերահսկողությունն է, այլ առողջությունը»,- նշեց նա:

Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ ռազմավարությունը մի քանի հիմնական նպատակ է հետապնդում.

  • այնպես անել, որ չծխող մարդիկ չսկսեն ծխել,
  • բարեկամական մթնոլորտ եւ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են ծխելուց հրաժարվել,
  • նպաստել, որ ծխողներն ավելի քիչ ծխեն,
  • կրճատել մարդկանց՝ ե՛ւ ծխողների, ե՛ւ չծխողների առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցությունը:

Ի՞նչ քայլեր կնախաձեռնվեն այս նպատակներին հասնելու համար:

Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ ներկայում ծխախոտի վերահսկողության քաղաքականության ոլորտում օրենսդրական ակտերի փաթեթ է մշակվում: Այս նպատակով մասնագետներն ուսումնասիրել են եվրոպական երկրների, ԱՄՆ-ի մի քանի նահանգների, ինչպես նաեւ մեր հարեւանների եւ մյուս հետխորհրդային երկրների փորձը, որոնք գրեթե նույն ճանապարհն են անցել, որը Հայաստանը հիմա անցնում է: Հայաստանի համար միանգամայն օգտակար կլինի նրանց օրենսդրության, փորձի, սխալների եւ ձեռքբերումների ուսումնասիրությունը: Արդեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին նախատեսվում է լրացումների նախագիծը լայն քննարկման դնել:

Առաջնային օղակ: Ռազմավարության կարեւոր մասը կլինի նաեւ առողջապահության առաջնային օղակի պոտենցիալի մեծացումը: Ինչպես նշեց Ալեքսանդր Բազարչյանը, հատկապես առաջնային օղակի բուժանձնակազմը պետք է ծխելուց հրաժարվել ցանկացող մարդկանց խորհրդատվություններ տրամադրի եւ օգնություն ցուցաբերի: Դրա համար բուժանձնակազմը պետք է անհրաժեշտ գիտելիքներ ստանա հետդիպլոմային կրթության շրջանակում, իսկ բնակչությունը կիրազեկվի, որ իրենք ծխախոտի կախվածությունից ազատվելու համար օգնություն կարող են ստանալ տեղական ամբուլատորիաներում:

Իրազեկվածության բարձրացում: Ծրագրվում է նաեւ մեծ արշավ անցկացնել ծխելու վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացման համար: Ըստ որում՝ Հայաստանում առաջին անգամ այս արշավին կմիանա նաեւ զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը զորամասերում ծխելու վնասների մասին տեղեկատվական արշավներ կանցկացնի: Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ այս արշավները կարող են մեծ նշանակություն ունենալ, քանի որ երիտասարդներից շատերը ծխել են սկսում հենց բանակում:

Գովազդ: Ռազմավարության շրջանակում ծրագրվում է արգելել ծխախոտային արտադրանքի գովազդի բոլոր ձեւերը:

«Մենք ծրագրում ենք կիրառել ամբողջ գործիքակազմը, որոնք այսօր օգտագործում են ծխախոտի վերահսկողության ճանապարհն ընտրած քաղաքակիրթ երկրներում»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:

Հասարակական վայրերում ծխելու արգելք: Ծխելու դեմ պայքարի եւս մեկ կարեւոր բաղադրիչը կլինի հասարակական վայրերում ծխելու արգելքը, այդ թվում՝ ռեստորաններում եւ աշխատավայրերում:  Հայաստանում ահռելի թվով մարդիկ են ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը, իսկ հասարակական վայրերում ծխելու արգելքը կօգնի նրանց առողջությունն անվտանգ դարձնելուն:

Գներ: Հիմա մշակման փուլում գտնվող օրինագծերում չի դիտարկվում ծխախոտի ակցիզային հարկերի եւ գների հարցը: Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ այս հարցն արդեն կարգավորվել է որոշ ժամանակ առաջ՝ ակցիզային հարկն ամեն տարի 15 տոկոսով կաճի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել