• Latest news

Հայաստանում շատերը դեռեւս կնոջն են համարում երեխայի սեռի համար «պատասխանատու». հետազոտություն

20 սեպտեմբերի, 2017  16:52

Հայաստանում շատերը դեռեւս կարծում են, որ ապագա երեխայի սեռը կնոջից է կախված, եւ եթե ընտանիքում միայն աղջիկներ են ծնվում, դրա համար կինն է «մեղավոր»: Այս մասին նշված է «Ինչպե՞ս որդի ունենալ» հետազոտության մեջ, որը Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Հոգածություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակում անցկացրել է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը:

Ռուզաննա Ծատուրյանը նշել է, թե հետազոտությամբ պարզվել է, որ հաճախ որդիների մասին երազող տղամարդիկ իրենց կանանց են մեղադրում այն բանի համար, որ չեն կարողանում անհրաժեշտ սեռի երեխա ունենալ: Ավելին՝ կանանցից շատերն իրենք էլ են մտածում, որ իրենց տնօրինության ներքո է ամուսնուն որդի «պարգեւելը»: Իսկ եթե դուստր են ունենում, նման կանայք իրենց մեղավոր են զգում՝ նրանց թվում է, թե իրենք չեն արել իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի տղա ունենան:

Մինչդեռ գիտությանը դեռեւս անցյալ դարի 50-ական թվականներից է հայտնի, թե ինչպես է բեղմնավորումն ընթանում եւ ինչպես է ստացվում այս կամ այն սեռի երեխան:

Մարդու նորմալ կարիոտիպում կա 46 քրոմոսոմ. 22 զույգ աուտոսոմ եւ մեկ զույգ սեռական քրոմոսոմ (կանանց մոտ՝ XX եւ տղամարդկանց՝ XY): Սեռական ակտի ժամանակ կնոջ հեշտոց է ընկնում մոտ 300-500 մլն սերմնաբջիջ, որոնք երկար ճանապարհ են անցնում՝ ձվաբջիջներին հանդիպելու համար: Այս սերմնաբջիջներից մեկը, նպատակին հասնելով, կմիավորվի ձվաբջջին եւ կդնի նոր կյանքի հիմքը: Սաղմի սեռը, բնականաբար, կախված կլինի, թե քրոմոսոմների ինչ հավաքածու կունենա. եթե սաղմը մորից մեկ Х ստանա եւ եւս մեկ Х հորից, աղջիկ կստացվի (ХХ), իսկ եթե սաղմը մորից ստացած մեկ Х-ի հետ հորից մեկ Y ստանա, տղա կստացվի:

Փաստորեն, ապագա երեխայի սեռի համար «պատասխանատվությունը» տառացիորեն սերմնաբջիջն ու նրա տերը՝ երեխայի հայրն են կրում, եւ ոչ ամենեւին մայրը: Նշենք, սակայն, որ «պատասխանատվություն» բառը զուր չի չակերտվել՝ չնայած երեխայի սեռն իսկապես կախված է հոր սերմնաբջջից, հայրը ոչ մի կերպ չի կարող դրա վրա ազդել՝ որոշողը պատահականությունն է, թե որ սերմնաբջիջը կբեղմնավորի ձվաբջիջը:

Նշենք, որ ըստ վիճակագրության՝ ավելի հաճախ տղաներ են ծնվում, քան աղջիկներ. 100 աղջկա դիմաց սովորաբար մոտ 106 տղա է ծնվում: Տղաներով բեղմնավորում ավելի շատ է հանդիպում, սակայն այս հղիությունները հաճախ տարբեր փուլերում ընդհատվում են, դրանից բացի՝ տղաներն ավելի հաճախ են մահանում ծննդաբերության ժամանակ եւ կյանքի առաջին տարիներին: Հնարավոր է՝ հենց այս պատճառով է, որ տղաներ ավելի շատ են ծնվում. ծնված ոչ բոլոր տղաներն են ողջ մնում, իսկ տղաների եւ աղջիկների թիվը գրեթե հավասարվում է սեռական հասունացման հասնելու տարիքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել