• Latest news

Հայ կանայք դժկամությամբ են հանձնում ՊԱՊ թեստը. մասնագետ

15 դեկտեմբերի, 2017  16:59

Հայ կանանց մեծ մասը դժկամությամբ է հանձնում ՊԱՊ թեստը, իսկ շատերն ընդհանրապես դրանից հրաժարվում են, պնդում է երեւանյան պոլիկլինիկաներից մեկի աշխատակից, բժիշկ Սաթենիկ Բադալյանը:

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների բժիշկներն իրենց հիվանդներին առաջարկում են անվճար ՊԱՊ թեստ հանձնել սքրինիգային ծրագրի շրջանակում, որը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում անցկացվում է արդեն ավելի քան 2 տարի, սակայն նրանց մեծ մասն ասում է, որ որեւէ թեստ հանձնելու մտադրություն չունի, իսկ քսուք մեկ այլ անգամ կհանձնի: Նրանց մեծ մասն այդպես էլ չի վերադառնում եւ, բնականաբար, ՊԱՊ թեստ այդպես էլ չի հանձնում:

Ինչպես նշեց բժիշկ Բադալյանը, Հայաստանում հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի  հայտնաբերման սքրինինգային հետազոտություններն ավելի հաջող են ընթանում, որովհետեւ հիվանդները՝ տղամարդիկ եւ կանայք, ավելի հաճույքով են համաձայնվում ճնշումը չափելուն եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգելուն: Դա հաստատում են նաեւ սքրինինգային հետազոտությունների տվյալները. 2 տարում ծրագրի շրջանակում շաքարային դիաբետի 330 000 հետազոտություն է կատարվել, 468 000 հիվանդի ճնշում է չափվել, իսկ ՊԱՊ թեստ է հանձնել ընդամենը 112 000 կին:

Պոլիկլինիկաների աշխատակիցներից շատերն այսօր դժգոհում են, որ իրենց հիվանդները չեն ցանկանում ՊԱՊ թեստ հանձնել: Սակայն շատ կանայք իրենց հերթին պնդում են, որ այս թեստի մասին երբեք չեն լսել ո՛չ բժիշկներից, ո՛չ որեւէ այլ տեղ:

ՊԱՊ թեստը՝ Պապանիկոլաուի քսուք, պարզ անալիզ է, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել հեշտոցում եւ արգանդի վզիկում նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բջիջները: Քանի որ քաղցկեղի այս տեսակը մինչեւ վերջին փուլերը առանց ախտանիշների է ընթանում, այսօր այն կարելի է ժամանակին հայտնաբերել միայն այս թեստի միջոցով: Հենց այս պատճառով Մեծ Բրիտանիայից գիտնականները պնդում են, որ արգանդի պարբերական ՊԱՊ թեստերը կարող են փրկել հազարավոր կանանց կյանքը: Զարգացած երկրներում այս թեստը ավելի հաճախ վճարովի հիմունքներով է կատարվում, սակայն կանանց մեծ մասը ամեն տարի կամ գոնե 3 տարին մեկ այն անցնում է:

ՊԱՊ թեստի կարեւորության մասին է խոսել նաեւ ամերիկացի բժիշկ Դիանա Հարփերը. նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացածությունը բաժին է ընկնում 100 հազար բնակչից 8-ին՝ սքրինինգային հաջող ծագրերի եւ վաղ հայտնաբերման շնորհիվ. կնոջ մոտ նախաքաղցկեղային վիճակ հայտնաբերելով՝ այն հաջողությամբ բուժում են, եւ նրա մոտ քաղցկեղ չի զարգանում: Իսկ այս թեստերի անտեսումը կարող է տխուր հետեւանքներ ունենալ:

Նշենք, որ «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» ծրագիրը Հայաստանում անցկացվում է 2015 թվականի սկզբից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 2 տարում անցկացվել է ավելի քան 910 հազար հետազոտություն, որոնք անհրաժեշտ էին հիպերտոնիայի, դիաբետի եւ արգանդի վզկի քաղցկեղի ախտանիշների հայտնաբերման համար: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ստուգման անալիզ հանձնած մարդկանց 7 տոկոսի մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել, 8 տոկոսի մոտ՝ հիպերտոնիա: Ինչ վերաբերում է արգանդի վզիկի քաղցկեղին՝ ՊԱՊ թեստ հանձնած  հիվանդների 6,4 տոկոսի մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, իսկ 38 կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի ինվազիվ քաղցկեղ, ըստ որում՝ նրանց մեծ մասն անգամ չէր կասկածում, որ իր մոտ կարող էին խնդիրներ լինել:

Ծրագիրը կավարտվի 2017 թվականի վերջին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է