Հայաստանի առողջապահության ոլորտում ավարտվող 2017 թվականը հիշվում է մի շարք նորամուծություններով, ինչպես նաեւ նախարար Լեւոն Ալթունյանի մի շարք «բարձրագոչ» հայտարարություններով, որոնք առաջացրեցին ամբողջ հանրության վրդովմունքը, իսկ որոշ դեպքերում սկանդալ հարուցեցին: Տարին կհիշվի նաեւ անկախ երկրի պատմության մեջ առաջին հնգյակի ծնունդով, որոնցից, ցավոք, ողջ մնաց միայն մեկ երեխա:
Հին կանոններով պետպատվեր
Եվ այսպես՝ փետրվարի կեսերին հրապարակվեցին Հայաստանի բուժհաստատություններին պետպատվերի բաշխման մասին տեղեկությունները, սակայն նոր ցանկը չէր արտացոլում այն հեղափոխական մոտեցումները, որոնք նախարարը ներկայացրել էր 2016-ի աշնանը պաշտոնը ստանձնելիս: Այն է․ գումարը պետք է հիվանդին հետեւելով հատկացվեր այն բուժհաստատությանը, որտեղ նա կցանկանար դիմել: Այս համակարգը, ինչպես խոստանում է նախարարը, լիովին պետք է գործի 2018 թվականին:
Էլեկտրոնային առողջապահություն
2017 թվականի մայիսի 1-ից պետպատվերով բժշկական ծառայությունները սկսեցին փոխհատուցվել՝ էլեկտրոնային առողջապահության տվյալների հիման վրա: Պետպատվեր տրամադրող բոլոր բժշկական կենտրոնները միացան համակարգին, ԱՆ-ում օպերատորների ուսուցման դասընթացներ կազմակերպվեցին: Գործընթացը հարթ չէր ընթանում. շրջաններում բողոքում էին համակարգիչների պակասից եւ ինտերնետի վատորակ կապից, իսկ ԱՆ-ն խոստացավ օգնել ե՛ւ համակարգիչների, ե՛ւ կապի հարցում: Հայտնի չէ՝ ԱՆ-ն օգնեց, թե ոչ, սակայն eHealth-ի հետ կապված կրքերը հանդարտվեցին մինչ հաջորդ առիթ:
Հնգյակ
2017 թվականի մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում բնական ճանապարհով բեղմնավորված հնգյակ ծնվեց՝ 4 աղջիկ եւ մեկ տղա: Երեխաներին տեղաբաշխեցին մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում՝ «Էրեբունի», Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն, «Սուրբ Աստվածամայր», «Մուրացան»: Առաջին աղջիկը մայիսի 6-ին մահացավ, այնուհետեւ մահացան տղան եւ եւս մեկ աղջիկ: Հուլիսի 26-ին մահացավ չորրորդ երեխան: Փաստացի ողջ մնաց միայն Ռոզին, որը Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից 2150 գրամ քաշով դուրս գրվեց հուլիսի 12-ին:
Առողջապահության մենեջեր
Մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ալթունյանն իրեն առողջապահական համակարգի մենեջեր անվանեց, այլ ոչ թե քաղաքական գործիչ, եւ կոչ արեց իրեն քաղաքական հարցերով չդիմել: Նա նման հայտարարություն արեց՝ պատասխանելով այն հարցին, որ արդեն մայիսից բուժհաստատությունները հիվանդներին հրաժարվում են պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցել, քանի որ պետպատվերի գումարները նախընտրական ժամանակաշրջանում որպես ընտրակաշառք ծախսվել են ընտրողներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար:
Պայքար ծխելու դեմ
Նույն օրը Լեւոն Ալթունյանը հայտարարեց երկրում ծխելու դեմ պայքարի մասին՝ նշելով, որ նոր ռազմավարություն կա, որի համաձայն՝ ծխելը կարգելվի փակ հաստատություններում եւ կկիրառվեն պատժիչ խիստ միջոցներ: Նա ծխողներին նաեւ «անհաջողակներ» անվանեց: Ծխելու դեմ պայքարի մասին նախարարի խոսքն առաջացրեց Հայաստանի «ծխող հանրության» վրդովմունքը, սակայն մի քանի օր անց պարզվեց, որ այս ամենը ցանկությունների ոլորտից է, իրականում ոչ մի որոշում եւ օրենսդրական փոփոխություններ չկան: Նախարարը նաեւ փորձեց արդարանալ անհաջողակների մասին իր բառերի համար՝ հայտարարելով, որ իր ընկերներից շատերն են ծխում, իսկ ինքը նկատի ուներ միայն այն, որ աշխարհում հիմա ստեղծվում է ծխող անհաջողակի կերպարը: Ասվում էր նաեւ, որ հարցը աշնանը կքննարկվի խորհրդարանում, բայց աշունն անցավ, իսկ Հայաստանում առաջվա պես ծխում են:
Սեփականաշնորհում
Հայաստանի կառավարությունը մայիսի 25-ին մի շարք պետական հաստատություններ սեփականաշնորհելու որոշում կայացրեց, որոնց մի մասը բժշկական կենտրոններ էին: Դրանց թվում էին Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնը, Իզոտոպների արտադրության կենտրոնը, Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնը, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնը եւ այլն: Այս որոշումը մեկնաբանելիս Ալթունյանը հայտարարեց, որ պետությունը պարտավոր չէ պահել վնասով աշխատող հաստատությունները:
Օպտիմալացում
Հունիսի վերջին հայտնի դարձավ, որ օպտիմալացման շրջանակում «Նորք» հոգեբուժական կլինիկան կփակվի, իսկ նրա անձնակազմը եւ հիվանդները կտեղափոխվեն «Նուբարաշեն» ԲԿ: Նախարարի պարզաբանմամբ՝ «Նորք» կլինիկայում հիվանդներին պահելը պետության համար ավելի թանկ արժե, քան այլ կլինիկաներում: Նորք-Մարաշ վարչատարածքում գեղատեսիլ վայրում գտնվող բժշկական կենտրոնի աշխատակիցները կարծիք հայտնեցին, որ այս տեղը, հավանաբար, ինչ-որ մեկին դուր է եկել: Չնայած կլինիկայի աշխատակիցների բողոքներին, այն, այնուամենայնիվ, փակվեց, իսկ դեկտեմբերի 7-ի նիստում կառավարությունը հայտարարեց «Նորք» կլինիկայի անշարժ գույքի եւ տարածքի օտարման մասին: Շենքի կադաստրային արժեքը 868 մլն դրամ էր կազմում, իսկ հարակից տարածքինը՝ 455 մլն: Դրանք ուղղակի վաճառքի միջոցով փոխանցվեցին «Հին Նորք բիզնես կենտրոն» ընկերությանը, որը կապված է «Սոֆտ Կոնստրակտ» ընկերության հետ, որի տնօրենը միաժամանակ «Վիվառո Բեթինգ» եւ «Վիվառո Գեյմ» խաղային ընկերությունների ղեկավարն է: Պարզ դարձավ, թե ինչու էր կառավարությունը 2 հոգեբուժական կլինիկաները միավորելու կարիք ունեցել, իսկ Ալթունյանը այս գործարքի մասին հարցին պատասխանեց, որ իր գործառույթներն ավարտվում են կլինիկաների միավորման պահից, իսկ հետագան իր հետ ոչ մի կապ չունի:
Օպտիմալացման շրջանակում կազմացրվեց նաեւ Հատուկ (Ուսանողական) պոլիկլինիկան՝ այն հիմնավորմամբ, որ կրկնում է շրջանային պոլիկլինիկաների գործառույթները, իսկ այլ վայրերից եկած ուսանողները կարող են ցանկացած պոլիկլինիկա ընտրել: Տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ալթունյանն արտասահմանցի ուսանողներին տարել է իր «Վարդանանց» կլինիկա:
Հեմոդիալիզ
Երկրում օպտիմալացման եւ սեփականաշնորհման, նաեւ ծխելու դեմ պայքարի շուրջ կրքերը չէին հասցրել հանդարտվել, երբ հեմոդիալիզի հետ կապված նոր սկանդալ ծագեց. «Աստղիկ» ԲԿ հիվանդները Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացրեցին: Նրանց խոսքով՝ ԲԿ-ում իրենց հիվանդանոցում զգուշացրել են, որ սեպտեմբերից հեմոդիալիզի համար պետք է վճարեն, քանի որ պետպատվերի գումարը սպառվել է: Կառավարության օգոստոսի 31-ի նիստից հետո նախարարը լրագրողներին ասաց, որ «Աստղիկ» ԲԿ հիվանդների ակցիան հանրության թերիրազեկման նպատակ ուներ: Բայց նա, հավանաբար, նկատի ուներ, որ այն տեղի է ունեցել թերիրազեկման հետեւանքով: Քանի որ, ինչպես պարզվեց, կառավարությունը 2 շաբաթ առաջ արդեն որոշում էր ընդունել առողջապահական բյուջեի միջոցների վերաբաշխման մասին հեմոդիալիզի ծախսերը հոգալու համար: «Աստղիկ» ԲԿ-ից այդ ժամանակ հայտնեցին, որ այս որոշման մասին ոչինչ չեն իմացել, եւ որ ԱՆ ուղարկված բժշկական կենտրոնի բազմաթիվ նամակներին, որ ֆինանսավորումը չի բավականացնում, ոչ մի պատասխան չեն տվել:
Շտապ օգնություն
Սեպտեմբերին հեռուստահարցազրույցներից մեկում Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ շտապ օգնության որոշ կանչեր Իսրայելի օրինակով կարող են վճարովի դառնալ, ինչով դարձյալ հայ հանրության շրջանում մեծ իրարանցում առաջացրեց: ԱՆ տարբեր աստիճանի պաշտոնյաները, ինչպես նաեւ նախարարն ինքը դրանից հետո մի քանի անգամ ստիպված էին պարզաբանել, որ նա հիպոթետիկ է արտահայտվել, իսկ իրականում նման ծրագրեր չկան:
Կրկին էլեկտրոնային առողջապահություն
Սեպտեմբերի վերջին Հայաստանի բժշկական հաստատությունները էլեկտրոնային առողջապահության համակարգի կոնցեսիոների հետ ստորագրելու պայմանագիր ստացան, որի համաձայն՝ նրանք պետք է ամսական սակագին վճարեին, յուրաքանչյուր պացիենտի համար էլ առանձին: Միեւնույն ժամանակ, մայիսին էլեկտրոնային առողջապահական համակարգը ներդնելիս նշվել էր, որ դրան միանալը անվճար է: Ընդհանուր վճարվելիք գումարն այնքան բարձր էր ստացվում, որ մարզային բժշկական կենտրոնների ղեկավարները դիմեցին տեղական իշխանություններին, իսկ նրանք՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Արդյունքում, Առողջապահության նախարարությունը կասեցրեց պայմանագրերի կնքման գործընթացը: Նախարար Ալթունյանը հայտարարեց, որ կառավարությունը քննարկում է eHealth համակարգի սուբսիդավորումը այն բժշկական հաստատությունների համար, որոնք ունեն սահմանափակ ֆինանսական հնարավորություններ։
Սոցփաթեթ եւ ապահովագրություն
2017 թվականի հոկտեմբերի 1-ից քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթի բժշկական բաղադրիչը փոխանցվեց ապահովագրական ընկերություններին: Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ վերջապես սկիզբ դրվեց բժշկական հաստատությունների ազատ ընտրության սկզբունքին, քանի որ այս բիզնեսում ներգրավված 6 ապահովագրական ընկերություններ ստորագրել են համաձայնագրեր բոլոր բժշկական հաստատությունների հետ: Նաեւ հայտարարվեց, որ դա վերջ կդնի երկար հերթերին: Հերթերը իսկապես նվազեցին, բայց ազատ ընտրության սկզբունքը միեւնույն է խախտվեց, քանի որ սոցշահառուներին պետությունն ինքը բաշխեց ըստ ապահովագրական ընկերությունների, այլ ոչ թե շահառուները իրենք ընտրեցին ապահովագրական ընկերությունը: Նախարարն այդ ժամանակ հայտարարել էր, որ քանի որ պետությունն է վճարում, ուստի թելադրում է խաղի կանոնները: Այս անգամ լուրեր էին շրջանառվում, որ պետական միջոցների մի զգալի մասը կրկին կգնա նախարարի գրպանը, այս անգամ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցով, որի բաժնետերից մեկը ինքն է:
Ամեն դեպքում, ըստ Առողջապահության նախարարության, հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 18-ը սոցիալական փաթեթի 31400 շահառուներ ստացել են բժշկական ծառայություններ, որոնցից 2075-ին վիրահատություն են կատարել, եւ այդ թիվը երեք անգամ ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Գարդասիլ
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերից 13 տարեկան աղջիկներին Պապիլոմա վիրուսի դեմ կպատվաստեն, երկրում ծավալվեց գարդասիլի դեմ իսկական արշավ։ Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ արվեցին պատվաստանյութի անարդյունավետության եւ նրա կողմնակի ազդեցությունների մասին։
Շատ բժիշկներ եւս հայտնեցին իրենց ընդդիմությունը Գարդասիլին`պնդելով, որ պատվաստանյութի ստեղծումից ի վեր դրա արդյունավետությունը դեռ չի ապացուցվել: Որոշ քաղաքական ուժեր կասկած հայտնեցին, որ մեր աղջիկների վրա այսպիսով փորձ են դնում։ Նույնիսկ խորհրդարանական լսումներ անցկացվեցին, որի ժամանակ, սակայն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ամեն դեպքում, նա չի լսել որեւէ բան, որի պատճառով կարելի է անհանգստանալ:
Գարդասիլի շուրջ զարգացումների գագաթնակետը դարձավ Լեւոն Ալթունյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանում 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը ապրում է սեռական կյանքով։ Սա վրդովմունքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում, նույնիսկ Ալթունյանի դեմ դուրս եկան մի շարք պատգամավորներ։ Առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ ստիպված էր պարզաբանել նախարարի խոսքերը՝ հայտնելով, որ նա պարզապես շփոթել է աղջիկներին տղաների հետ՝ ոչ թե աղջիկների, այլ տղաների 25 տոկոսն է ապրում սեռական հարաբերություններով արդեն 15 տարեկանում, իսկ աղջիկների ընդամենը 1 տոկոսը։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ոչ թե տղաների 25, այլ 21 տոկոսը։
Տարվա ընթացքում տարբեր հարցազրույցների ժամանակ նախարարը նաեւ խոստացել է, որ դեղերը եւ ստենտները կդառնան ավելի էժան, ուռուցքաբանությունը կդառնա հասանելի, իսկ Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելուց հետո արգանդի վզիկի քաղցկեղի հարցում կունենանք այնպիսի ցուցանիշներ, ինչպես Ֆինլանդիայում:Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day