• Latest news

Գրիպի դեմ պատվաստման ցածր մակարդակը կարող է համավարակ առաջացնել. ԱՀԿ

8 փետրվարի, 2018  17:01

Վերջին 7 տարիներին Եվրոպական տարածաշրջանում գրիպի դեմ պատվաստման ընդգրկումը նկատելիորեն նվազում է բարձր ռիսկի խմբերի շրջանում, ինչը կարող է բերել գրիպի համավարակի: Այս մասին նշված է ԱՀԿ Տարածաշրջանային բյուրոյի եւ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության եվրոպական կենտրոնի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Նշված կազմակերպություններն առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ընդգրկման համակողմանի ամփոփում են կատարել 2008-2009 եւ 2014-2015 թվականների համաճարակային սեզոնների միջեւ: Այն վերաբերում է Եվրամիության 29 երկրի եւ եւս 21 երկրի Եվրոպական տարածաշրջանում, որոնք միության մեջ չեն մտնում: Հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրոպայում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ցածր մակարդակը սպառնալիքի տակ է դնում ամենամյա համաճարակների եւ հաջորդ համավարակի ժամանակ մարդկանց պաշտպանության հնարավորությունը:

«Գրիպի կանխարգելման համար առավել արդյունավետ միջոցը պատվաստումն է: Սակայն, մեր հետազոտությունների համաձայն, Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում պատվաստման ընդգրկման մակարդակն անշեղորեն նվազում է,- նշել է ԱՀԿ Եվրոպայի հարցերով տնօրեն Ժուժաննա Յակաբը: - Սա հատկապես վտանգավոր է տարեցների եւ քրոնիկական հվանդություններով տառապող հիվանդների համար: Իսկ ապագայում հնարավոր է՝ ամբողջ բնակչության համար, քանի որ համավարակային պատվաստանյութերի արտադրումը սերտորեն կապված է սեզոնային պատվաստանյութերի օգտագործման հետ»:

Ժուժաննա Յակաբը նաեւ նշել է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները փաստաթուղթ են ստորագրել, որը դրել է սեզոնային գրիպի դեմ պայքարի ուժեղացման ու տարեցների ու ռիսկի այլ խմբերի մեջ մտնող մարդկանց 75 տոկոսի պատվաստման ընդգրկմանը հասնելու նպատակներ, որոնց, սակայն, չեն հասել: Սա բերել է տարեցների շրջանում մահացության աճի, որը բաժին է ընկել Արեւմտյան Եվրոպայում 2017-2018 թվականների գրիպի սեզոնի բարձրակետին:

Ռիսկի խմբերը

Ինչպես նշում են ԱՀԿ փորձագետները, տարեցների շրջանում գրիպի հետեւանքով մահացության հավանականությունը շատ մեծ է: Ամեն տարի սեզոնային գրիպի հետ կապված շնչառական հիվանդությունների հետեւանքով մահանում է Եվրոպական տարածաշրջանի ավելի քան 44 հազար բնակիչ: Համաշխարհային մասշտաբով ընդհանուր մահացությունը կազմում է մինչեւ 650 հազար մարդ: Ամենամյա հետազոտությունների տվյալներով՝ Եվրոպայում այս մահացության թվից մոտ 34 հազարը (75 տոկոսից ավելի) բաժին է ընկնում 65 տարեկանից մեծ մարդկանց: Ըստ որում՝ տարածաշրջանի երկրներից կեսում գրիպի դեմ պատվաստվում է տարեցների 75 տոկոսի փոխարեն երրորդ մասից պակասը:

Ինչ վերաբերում է ռիսկի մյուս խմբերին՝

  • երկրների մեծ մասում քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց պատվաստման ընդգրկումը 40 տոկոսից ցածր է եղել,
  • գրեթե բոլոր երկրներում առողջապահության աշխատակիցներին հրահանգվում է պատվաստվել գրիպի դեմ, սակայն իրական ընդգրկումը կազմել է ընդամենը 40 տոկոս,
  • մինչեւ 2009 թվականի համավարակը (А(Н1N1) գրիպ) հղիների պատվաստման 40-տոկոսանոց ընդգրկման հրահանգներ կային, 2014-2015 թվականների համաճարակային սեզոնին այս հրահանգն աճել է մինչեւ 90 տոկոս: Սակայն հետազոտված երկրների կեսում իրական ցուցանիշը 10 տոկոսից պակաս է եղել,
  • Եվրոպայում երեխաների պատվաստման ընդգրկումը տատանվել է 1-ից մինչեւ 80 տոկոսի սահմաններում: Երեխաներին պատվաստելու հրահանգն առկա է տարածաշրջանի երկրների ոչ պակաս կեսում (դրանցից մեծ մասը Աեւելյան Եվրոպայում):

ԱՀԿ փորձագետների գնահատմամբ՝ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում գրիպի դեմ պատվաստման կազմակերպման խնդիրների պատճառները տարբեր են: Այսպես՝ ֆինանսապես պակաս բարեկեցիկ երկրներում, որտեղ գրիպի դեմ պայքարը առաջնահերթություն չի դիտվում, պատվաստման ցածր ընդգրկումը կապված է պատվաստանյութերի սահմանափակ գնումներով:

Իհարկե, այն երկրներում, որտեղ պատվաստանյութերը հասանելի են, պատվաստման ընդգրկումը նույնպես բարձր չէ՝ մի քանի պատճաներով. դա ե՛ւ գրիպի վտանգավորության թերագնահատումն է, ե՛ւ պատվաստանյութերի ու առողջապահության մարմինների նկատմամբ վստահության ցածր մակարդակը, ե՛ւ պատվաստվելու անհատական մոտիվացիայի բացակայությունը, ե՛ւ բժշկական աշխատողների համար խիստ հրահանգների բացակայությունը:

ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ Եվրոպայի երկրների կառավարությունները պետք է ավելի արդյունավետ աշխատեն պատվաստման խնդիրների վերացման ուղղությամբ, այլապես գրիպի հաջորդ համավարակը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել