• Latest news

Սքրինինգային ծրագրերն իսկապես օգնում են քաղցկեղի վաղ հայտնաբերմանը․ էստոնացի մասնագետ

8 փետրվարի, 2018  19:07

Արդյունավետ սքրինինգային ծրագրերի շնորհիվ քաղցկեղային հիվանդություններն Էստոնիայում միայն 20 տոկոս դեպքերում են հայտնաբերվում ուշ փուլերում։ Կրծքի քաղցկեղի պարագայում իրավիճակն ավելի լավ է՝ միայն շուրջ 7-8 տոկոս դեպքերում է այն հայտնաբերվում ուշ փուլերում։ Այս մասին «Օնկոլոգիական հիվանդությունների խնդիրը, դրա կանխարգելումը եւ բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով Մինսկ-Բիշքեք-Երեւան-Տալլին տեսակամուրջի ժամանակ ասել է քիմիաթերապեւտ-օնկոլոգ Օլգա Կոնովալովան (Էստոնիա):

Նրա խոսքով՝ այսօր Էստոնիայում գործում են կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի վզիկի քաղցկեղի եւ հաստ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր։ 2002 թվականին անցկացված առաջին ծրագրի շրջանակներում կանայք տարին երկու անգամ անցել են անվճար մամոգրաֆիկական հետազոտություն։ Ավելին, երկրի հեռավոր շրջաններում, որտեղ չկան անհրաժեշտ տեխնիկայով համալրված բժշկական կենտրոններ, ժամանակ առ ժամանակ մամոգրաֆով համալրված ավտոբուս է գնում։ Մասնագետի խոսքով՝ այս ծրագրերի շնորհիվ դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում կրծքի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ՝ բուժելի փուլերում։

Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը (ՊԱՊ թեստ), Օլգա Կոնովալովայի խոսքով, եւս բավականին հաջող է իրականացվում։ Հնարավոր է, շնորհիվ այս ամենի քաղցկեղային հիվանդության այս տեսակը Էստոնիայում վերջին ժամանակներս դադարել է աճել։

Ինչ վերաբերում է հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգին, ապա այն անցկացվում է 60-69 տարեկան մարդկանց շրջանում կղանքի մեջ թաքնված արյան հետազոտության միջոցով։

Օլգա Կոնովալովան նաեւ նշել է, որ հատուկ տղամարդկանց համար սքրինինգային ծրագրեր Էստոնիայում դեռեւս չկան, սակայն ակտիվորեն քննարկվում է PSA թեստի ներդնումը, որը կարող է օգնել շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը։

Նշենք, որ Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման պետական սքրինինգային ծրագրեր չկան։ Ճիշտ է, արդեն 3 տարի է երկրում իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որի շրջանակներում իրականացվում է 30 տարեկանից բարձր կանանց ՊԱՊ թեստ։

Ցանկացած այլ սքրինինգային հետազոտություն Հայաստանում կարելի է անցնել, բայց դրանք վճարովի են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է