• Latest news

Մենք ամեն տարի 1400 աղջիկ ենք կորցնում, ո՞ւմ հետ են ամուսնանալու մեր որդիները. The Guardian-ը՝ Հայաստանում սելեկտիվ աբորտների մասին

23 փետրվարի, 2018  19:54

Որոշ կանանց մենք երբեք չենք տեսնի, որովհետեւ նրանք երբեք չեն ծնվի. նրանց պարզապես թույլ չեն տա ծնվել, նշում է The Guardian-ի սյունակագիր Սյուզաննա Մուրը: Հայաստան այցելելով՝ նա ծանոթացել է սելեկտիվ աբորտների խնդրին, որն այստեղ նույնքան սուր է դրված, որքան Չինաստանում եւ Հնդկաստանում:

Գավառում, որը այսօրվա դրությամբ Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավում սելեկտիվ աբորտների թվով (այստեղ 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվում), Սյուզաննա Մուրը ծանոթացել է 30-ամյա կնոջ հետ, որն արդեն մոտ 10 աբորտ է կատարել՝ հույս ունենալով, վերջապես, տղա ունենալ: Այս կինը 2 դուստր ունի, որոնք բանն էլ հենց այն է, որ ասում են. «Գնանք եկեղեցի, մոմ վառենք, որ փոքրիկ եղբայրիկ ունենանք»: Ամբողջ ընտանիքը որդու մասին է երազում, այդ պատճառով ամեն անգամ տեղեկանալով, որ արգանդում պտուղն իգական սեռ ունի, կինը աբորտ է կատարել: Աբորտների պաշտոնական պատճառ են անվանել «անոթային խնդիրը», որը նա իբր ունեցել է:

2016 թվականին Հայաստանում օրենսդրորեն արգելել են սելեկտիվ աբորտները, եւ հիմա սյունակագրի զրուցակիցը չգիտի, թե ինչ պետք է անի, եթե նորից աղջիկ պտղով հղիանա: Բայց, նախկինի պես, շատ է ուզում տղա ունենալ, քանի որ համոզված է, որ դուստրերը մի քանի տարուց կամուսնանան, իսկ ինքը ամբողջությամբ մենակ կմնա: Նրա ամուսինը, ինչպես այս շրջանում շատ տղամարդիկ, աշխատում է Ռուսաստանում:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Հայաստանում սելեկտիվ աբորտների գլխավոր պատճառներից մեկը այն համոզմունքն է, որ հատկապես տղաներն են ցեղի շարունակողը, իսկ աղջիկներն ամուսնանալով՝ գնում են ամուսնու ընտանիք: Շատերի կարծիքով՝ ծերության շրջանում ծնողներին որդին կաջակցի, այս պատճառով «տղան ներդրում է, իսկ աղջիկը՝ վնաս»:

«Ես սա նորից ու նորից եմ լսում: Եվ սրան դժվար է հավատալ, քանի որ այսօր Երեւանում ամենուր կարելի է ժամանակակից կանանց հանդիպել՝ բժիշկների, լրագրողների, քաղաքական գործիչների: Բայց հենց մյուս կանայք՝ սկեսուրներն են հաճախ ամենամեծ ճնշումը գործադրում կանանց վրա եւ նրանց պարտադրում տղա ծնել»,- գրում է Սյուզաննա Մուրը:

Նա զրուցել է նաեւ բժիշկ Հրաչյա Խալաֆյանի հետ, որը Սեւանի բժշկական կենտրոնի ղեկավարն է: Նա պատմել է, որ հիվանդանոցի անձնակազմին սովորեցնում է պտղի սեռի պատճառով աբորտներ չանել:

«Ամեն տարի մենք 1400 աղջիկ ենք կորցնում: Իսկ ո՞ւմ հետ են ամուսնանալու մեր տղաները: Մեր ազգին ի՞նչ ապագա է սպասում: Մենք ընդամենը 3 միլիոն ենք: Մենք նման կորուստներ ունենալու իրավունք չունենք: Եթե այսպես շարունակվի, մենք մայրեր չենք ունենա, որոնք կկարողանան աղջիկներ ծնել»,- ասել է Խալաֆյանը:

Ժամանակակից շատ կանայք ունենում են միայն մեկ երեխա, անցյալում, սակայն,  ընդունված էր 7-8 երեխա ունենալ: Եթե այդ բոլոր երեխաները աղջիկ լինեին, վերջինին կարող էին անվանել վիրավորական «Բավական» անունով: «Կարծես թե, ոչ մեկը ժամանակ չէր գտել նրա համար նորմալ անուն գտնելու»,- գրում է հեղինակը:

Սյուզաննա Մուրի տեղեկություններով՝ սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը Չնաստանից եւ Ադրբեջանից հետո երրորդ տեղում է: Եվ որքան զույգերը քիչ են երեխա ունենում, այնքան խնդիրն ավելի սուր է դառնում. եթե ընտանիքում միայն մեկ երեխա պետք է ունենան, ապա ծնողները ցանկանում են, որ նա հենց տղա լինի:

Հետաքրքիր է, որ դպրոցներից շատերում պատմում են, որ դպրոցական երեկույթներին տղաները ստիպված են պարել այլ տղաների հետ, քանի որ դասարաններում աղջիկների թիվը քիչ է: Գավառի դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը նույնպես սա հաստատեց. դասարանների մեծ մասում տղաներն ավելի շատ են, քան աղջիկները: Նրա խոսքով՝ այս հարցում դերակատարում ունի նաեւ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը:

«Մեր զինվորներին ամեն օր սպանում են: Բազմանալու համար մեզ աղջիկներ են պետք: Մեր սահմանները պաշտպանելու համար մեզ տղաներ են պետք»,- նշում է տնօրենը՝ հավելելով, որ ժողովրդի մեջ յուրաքանչյուր տղայի ընկալում են որպես պոտենցիալ զինվորի:

Սյուզաննա Մուրը Հայաստանում հանդիպել է մարդկանց հետ, որոնք փորձում են պայքարել սելեկտիվ աբորտների դեմ եւ  տեղեկություններ տարածել հասարակության մեջ ու ընտանիքում աղջիկների կարեւոր դերի մասին: Այսպես՝ Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը շրջանների դպրոցներում ցուցադրում է «Նեի ճանապարհորդությունը» ներկայացումը, որտեղ աղջիկները հաղթում են հրեշներին եւ փրկում իրենց ու մյուսներին: Իսկ հոգեբան Ինգա Հարությունյանը Վաղարշապատի ճեմարանի ապագա հոգեւորականներին պատմում է այն մասին, թե Աստվածաշնչից որքան մեջբերումներ են ընդգծում կնոջ դերը, եւ որքան կարեւոր է, որ երիտասարդները, հոգեւորական դառնալով, այս միտքն իրենց հոտին հասցնեն:

2010 թվականի տվյալներով՝ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է մոտ 115-120 տղա: 2011 թվականից միջազգային կազմակերպությունների աջակցությամբ սելեկտիվ աբորտների դեմ պայքար է սկսվել, եւ արդյունքները շատ արագ ակնհայտ են դաձել՝ արդեն 2014 թվականին Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է 114 տղա, իսկ 2017-ին՝ 110 (նորման 100 աղջկա դիմաց մոտ 104-106 տղայի ծնունդն է): Սակայն եթե իրավիճակը չփոխվի, 2060 թվականին Հայաստանում կանայք 93 հազարով ավելի քիչ կլինեն, քան տղամարդիկ:

Մարգարիտան, որն զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաներով, Սյուզաննա Մուրին պատմել է իր աշխատանքի եւ այն հավատի մասին, որ յուրաքանչյուրն ապրելու իրավունք ունի: Մարգարիտան կանանց ասում է. «Երբ ցանկանում եք, որ ձեր ամուսինը ձեզ համար թանկարժեք պայուսակ գնի, չէ՞ որ նրան համոզում եք դա անել: Դուք չէ՞ որ կարող եք նույնը անել նաեւ երեխայի հետ կապված: Խոսեք նրա հետ, ասեք, որ աղջիկ եք ցանկանում: Համոզեք նրան: Նրան ասեք, որ ցանկանում եք, որպեսզի այդ աղջիկն ապրի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է