• Latest news

«Արմենիկում» հիվանդանոցը կփակվի՞. Հանրային խորհրդում քննարկել են դեղի եւ կլինիկայի ճակատագիրը

14 մարտի, 2018  14:34

Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման եւ կենտրոնի հնարավոր փակման հարցերը: 

Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, «Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Գեւորգյանը եւ կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը, Ս. Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, Կուրորտոլոգիայի եւ ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի այրվածքների բաժնի վարիչ Կարինե Բաբայանը, ուռուցքաբան, իմունաբան, բ.գ. դոկտոր Զառա Տեր-Պողոսյանը:

Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության եւ կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի ծառայությունները՝ նշելով, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետեւանքները մեղմելու, այլեւ իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի եւ պառկելախոցերի բուժման ժամանակ:

Հայրապետ Գալստյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների եւ վերքերի արագ ապաքինման գործում: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նույնպես հավաստել է քսուկի արդյունավետությունը, մասնավորապես նա օրինակներ է բերել շաքարային դիաբետ հիվանդության ժամանակ քսուկի միջոցով վերջույթների անդամահատումը կանխելու դեպքերի վերաբերյալ: Այրվածքաբան Կարինե Բաբայանը ներկայացրել է իրենց հիվանդանոցում կատարված փորձարկումների դրական արդյունքները:

«Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես  գրանցված է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում եւ տեղեկացրել է այնտեղ կատարված վերջին փորձարկումների արդյունքների մասին, ըստ որոնց «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Լեւոն Գեւորգյանի խոսքով՝ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաեւ Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

Քննարկվել է նաեւ կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման եւ հետագա գործունեության շարունակման հարցը, սակայն ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության եւ այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում:

«Արմենիկումի» տնօրենը նաեւ նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որեւէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Միաժամանակ նա հայտնել է, որ իրավասու չէ մեկնաբանել նախարարության որոշման դրդապատճառները: Այնուամենայնիվ, ներկաները խնդիրը դիտարկել են առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի իրականացման համատեքստում, ինչը տվյալ պարագայում արդարացված չէ:

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների եւ եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

Հիշեցնենք, որ «Արմենիկում» կլինիկական կենտրոնը Երեւանում ստեղծվել է 1999 թվականին թիվ 1 Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն իրականացնում է ինֆեկցիոն հիվանդություններով, ներառյալ ՄԻԱՎ-ով հիվանդների բուժումը, անցկացնում է գիտական հետազոտություններ եւ «Արմենիկում» դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ:

«Արմենիկում» դեղամիջոցը մշակվել է 1998 թվականին: Առաջին անգամ դեղամիջոցի մասին տեղեկություններ հրապարակելով՝ մշակողներն այն անվանել են «ՁԻԱՀ-ի բուժման հեղափոխական միջոց», ինչն անմիջապես առաջացրել է Հայաստանի կառավարության բարձրաստիճան  պաշտոնյաների հետաքրքրությունը: Դեղամիջոցը փորձարկողներին նախնական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Պետանվտանգության նախարարությունը, որը հույս ուներ առաջ մղել դեղամիջոցի  գիտական հետազոտությունները:

Սակայն որեւէ բան չի հրապարակվել խստորեն վերահսկվող «Արմենիկումի» կլինիկական հետազոտությունների մասին, եւ Հայաստանի սահմաններից դուրս ՄԻԱՎ-ի բուժման համար դեամիջոցի արդյունավետությունը չի ճանաչվում:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասել էր, որ «Արմենիկումը» չի դարձել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ միջազգայնորեն ճանաչված դեղամիջոց, քանի որ Հայաստանը չի կարողացել կազմակերպել դեղամիջոցի պատշաճ մինչկլինիկական ու կլինիկական փորձարկումներ՝ համաշխարհային պահանջներին համապատասխան։

Սակայն, հավելել էր նա, Արմենիկումը, որպես նոր դեղամիջոց, անցել է լուրջ ուղի, ու այսօր այն դիտարկվում է որպես հզոր իմունոստիմուլյատոր ու որպես այդպիսին այն ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք այլ երկրներում։

Արմենիկումը ճանաչում չի ստացել պատշաճ կլինիկական փորձարկումների բացակայության պատճառով․ փոխնախարար

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել