Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Արմենիկումը ճանաչում չի ստացել պատշաճ կլինիկական փորձարկումների բացակայության պատճառով․ փոխնախարար

15 մայիսի, 2017  22:50

Արմենիկումը չի դարձել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ միջազգայնորեն ճանաչված դեղամիջոց, քանի որ Հայաստանը չի կարողացել կազմակերպել դեղամիջոցի պատշաճ մինչկլինիկական ու կլինիկական փորձարկումներ՝ համաշխարհային պահանջներին համապատասխան։ Այս մասին Աղվերանում դեղամիջոցների հարցերով սեմինարի ընթացքում ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Սակայն, հավելեց նա, Արմենիկումը, որպես նոր դեղամիջոց, անցել է լուրջ ուղի, ու այսօր այն դիտարկվում է որպես հզոր իմունոստիմուլյատոր ու որպես այդպիսին այն ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք այլ երկրներում։

«Դա շատ հզոր իմունոստիմուլյատոր է, այն այսօր այդպես էլ գրանցված է Հայաստանում ու մի շարք այլ երկրներում։ Մի քանի տարի առաջ գրիպի ծանր համաճարակի ժամանակ մենք Արմենիկում էինք տալիս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին, որպես վերջին հույս, ու լավ արդյունքներ ենք ստացել»,- ասել է նա։

Ինչպես պարզաբանեց Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, այդ դեղամիջոցի համար այսօր հայտնաբերվել է կիրառման նոր ուղղություն։ «Թեկուզ Արմենիկումը չի դարձել ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց, բայց իր հատկանիշների շնորհիվ այն սպեղանու ու մածուկի տեսքով օգտագործվում է տրոֆիկական խոցերի բուժման համար։ Այն կլինիկական փորձարկումներ է անցել ու լավ արդյունքներ ցույց տվել պառկելախոցերի բուժման հարցում»,- ասել է նա։

Սերգեյ Խաչատրյանը պարզաբանել է, որ չնայած Հայաստանում խորհրդային ժամանակներում եղել է դեղամիջոցների ստեղծման լուրջ ավանդույթ, այսօրվա դրությամբ մեր երկիրը հնարավորություն չունի ստեղծել օրիգինալ դեղամիջոցներ, քանի որ դա շատ ջանքեր ու ֆինանսներ է պահանջում։ Բայց եթե լինի պատվեր դեղագործական կորպորացիաներից, ապա մեր գիտնականները կարող են անել դա։

Ինչ վերաբերում է խոշոր դեղագործական ընկերությունների կողմից մշակված դեղամիջոցների կլինիկական փորձարկումները Հայաստանում անցկացնելուն, ապա այս հարցում խոչընդոտ է այն, որ մեր կլինիկաները դեռ չեն անցել GCP ստացման ընթացակարգը։ «Բայց դա մի ոլորտ է, որը կարող է բերել լուրջ ներդրումներ, նաեւ դա մեր հիվանդներին բուժելու համար նոր օրիգինալ դեղամիջոց ստանալու միջոց է»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը։

Նա նաեւ նշեց, որ ուռուցքաբանության նոր կենտրոնում ռադիոիզոտոպների արտադրության ստեղծումը Հայաստանին հնարավորություն կտա անցկացնել դեղամիջոցների մինչկլինիկական փորձարկումներ։

Հիշեցնենք, որ Արմենիկումը ստեղծվել էր Հայաստանում 1998-ին ու մշակողների կողմից ներկայացվել էր, որպես «ՁԻԱՀ-ի բուժման հեղափոխական դեղամիջոց»։ Դեղամիջոցի փորձարկողներին սկզբնական ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Հայաստանի Պետական անվտանգության նախարարությունը, ու Երեւանում ստեղծվել էր «Արմենիկում» կենտրոնը, որը առայսօր շարունակում է զբաղվել ՁԻԱՀ-ի բուժումով, սակայն դեղամիջոցն այդպես էլ չի ստացել համաշխարհային դեղագործական համայնքի ճանաչումը։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ