• Latest news

Վախ կար, եւ ամենից շատ վախենում էի սխալվելուց. երիտասարդ վիրաբույժը՝ 2016-ի ապրիլի մասին

11 ապրիլի, 2018  21:43

Կրծքային վիրաբույժ Գոռ Գեղամյանն առաջին «մարտական մկրտությունը» ստացել է 2015 թվականի մարտի 19-ին, երբ Մարտակերտում Ադրբեջանի կողմից դիվերսիա իրականացվեց: Երիտասարդ բժիշկը երկրորդ փորձը ստացավ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Մատաղիսի զորավարժարանում հրետանային արկ պայթեց: Իսկ հետո արդեն եղավ 2016 թվականի ապրիլը:

Գոռ Գեղամյանը 2 տարով բուժծառայության է զորակոչվել եւ այն անցել Ստեփանակերտի հոսպիտալում: «Կարելի է ասել, որ մինչեւ 2016-ի ապրիլ ես արդեն ունեի վիավորների հետ աշխատելու որոշակի փորձ»,- պատմում է նա:

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան հայտարարվեց տագնապի բարձր մակարդակ: Ինչպես հիշում է Գոռ Գեղամյանը, Ստեփանակերտում բնակարանը 4 հոգով էին վարձում՝ վնասվածքաբան, միկրովիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ եւ ինքը՝ կրծքային վիրաբույժ: Նա հոսպիտալից կանչ ստացավ առավոտյան 6-ին, իսկ երբ վեր կացավ, տեսավ, որ հեռախոսով խոսում են նաեւ մյուս բժիշկները: Նրանք հասկացան, որ իրավիճակը լուրջ է: Հոսպիտալում նախ հայտնեցին Ջրականում 12 ծանր վիրավորների մասին: Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով:

Որոշում ընդունվեց Գոռ Գեղամյանին եւ փորձառու բժիշկ Արշակ Գասպարյանին գործուղել Մարտակերտի հոսպիտալ: Ինչպես այսօր հիշում է զինվորական ծառայությունն ավարտած բժիշկը, Մարտակերտում գործնականում բոլոր վիրավորներին հաջողվեց հոսպիտալ հասցնել, եւ նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերվեց: Նրանց այնուհետեւ ուղարկում էին Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղից անհրաժեշտության դեպքում՝ Սիսիանի հոսպիտալ, ապա՝ Երեւանի հոսպիտալ:

Վիրաբույժների խումբն առաջին վիրավորին վիրահատել է գրեթե 8 ժամ: Սակայն չի հաջողվել նրան փրկել: «Այն օրերին հոսպիտալում վիրահատական սեղանին մահացել է ընդամենը 3 մարդ: Երկրորդ մահացողը վիրավոր էր, ում բերեցին արդեն ապրիլի վերջի ռազմական գործողությունների ժամանակ: Նրա մոտ առկա էր սրտի եռակողմ թափանցող վիրավորում: Երրորդը տուժել էր դրոնով հարձակման հետեւանքով: Նրա ոտքն անդամահատեցին, սակայն սիրտը չդիմացավ»,- պատմում է բժիշկը:

Գոռ Գեղամյանի խոսքով՝ բժիշկների համար առավել դժվար էր աշխատել հավաքագրված զինծառայողների հետ, այլ ոչ զորակոչվածների, քանի որ նրանք տարիքով մեծ էին եւ ունեին ծանր սոմատիկ հիվանդություններ. մեկի մոտ 4 ստենտ կար, մյուսի՝ շաքարային դիաբետ, երրորդի մոտ՝ տարած կաթված:

«Վախ կար,- հիշում է Գոռ Գեղամյանը,- եւ ամենից շատ վախենում էի սխալվելուց:  Քաղաքացիականի դեպքում իրավիճակն այլ է, միշտ կարող ես հարցնել՝ ինչպես վարվել: Իսկ այստեղ մենակ ես, եւ ինքդ ես որոշումներ կայացնում: Սակայն վախն աստիճանաբար անհետացավ, եւ հայտնվեց գոծողությունների ավտոմատացումը»:

Որպես կրծքային վիրաբույժ՝ Գոռ Գեղամյանը մշտապես առաջնագիծ էր գնում վիրավորներին բերելու: «Ես այնպիսի մասնագիտություն ունեմ, որ պետք է տեղում օգնություն ցույց տամ: Ես կարող եմ վնասվածքաբանի փոխարեն բեկակալ դնել, սակայն վնասվածքաբանը չի կարող անել այն, ինչ ես եմ անում»,- ասում է նա: Սանիտարական մեքենայի կողքին բազմիցս են արկեր պայթել, եւ բժիշկներից մեկին փրկել է զրահաբաճկոնը:

Գոռ Գեղամյանը չի մոռանում, որ երբ փորձում էր փակել վիրավորներից մեկի վնասված ճառագայթաձեւ զարկերակը՝ ստերիլ գործիքների օգնությամբ, Արշակ Գասպարյանն իրեն մի կողմ հրեց, ուղղակի ձեռքերով կապեց զարկերակը եւ կարգադրեց վիրավորին տեղափոխել հաջորդ էտապ: «Մենք կարող էինք դրա վրա 40 րոպե կորցնել, իսկ նա արեց 40 վայրկյանում: Հետո հասկացանք, թե ինչու էր դա անհրաժեշտ, հետքից բերել էին եւս 4 վիրավորի: Անհրաժեշտ էր շատ արագ գործել, մենք որոշումներ էինք ընդունում անմիջապես վիրահատական սեղանի մոտ»,- պատմում է վիրաբույժը:

2016 թվականի աշնանը, ինչպես հիշում է Գոռ Գեղամյանը, իր մոտ է եկել զինծառայող՝ իր շնորհակալությունը հայտնելու: «Ես նրան չճանաչեցի, երբ վիրահատում էի, դեմքերը չէի տեսնում: Ես խնդրեցի կարերը ցույց տալ, եւ միայն այդ ժամանակ կռահեցի, թե իմ առջեւ որ վիրավորն է»,- հիշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է