• Latest news

19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաների խախտումների դեպքերով ոստիկանությունն է զբաղվում. Դավիթ Խաժակյան

11 հունիսի, 2018  12:55

Երեւանի 19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաների խախտումների դեպքերով արդեն ոստիկանությունն է զբաղվում, եւ բավականաչափ նյութ է հավաքվել քրեական գործ հարուցելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ ինքն ու խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ստուգումներ չեն անցկացնում, այլ գնում են աշխատակիցներից ստացած կոնկրետ ահազանգերի հետքերով: Նման ահազանգերով են այցելել նաեւ 16-րդ ու 19-րդ պոլիկլինիկաներ եւ պարզել, որ խոսքը տնօրենների կողմից պաշտոնեական դիրքի գերազանցման մասին է, եւ Երեւանի քաղաքապետարանը երկար տարիներ դրա վրա աչք է փակել: Իսկ տնօրենները խոշոր եկամուտներ են ստանում: Կոնկրետ 16-րդ պոլիկլինիկայում եղել է ուռճացված հաստիքակազմ, սակայն դրանց մի մասը ֆիկտիվ էր, եւ այդ ամբողջ գումարը հայտնվել է տնօրենի գրպանում: «Խոսքը ամսական մի քանի հարյուր հազար դրամ ֆիկտիվ աշխատավարձի մասին է, խոսքն արձակուրդայինների մասին է, որոնք նույնպես տնօենին են փոխանցվել, եւ ամսական կտրվածքով այդ գումարը միլիոն դրամից անցնում է: Բոլոր բուժաշխատողների միջեւ հավասարաչափ բաժանելու դեպքում կլիներ աշխատավարձի նկատելի աճ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ինչպես հայտնեց Թեհմինա Վարդանյանը, 19-րդ պոլիկլինիկայում իրավիճակը լարվում է. հունիսի 8-ին տնօրեն Սամվել Սարգսյանը ժողով է անցկացրել, որի ժամանակ աշխատակիցներին սպառնացել է, որից հետո աշխատակիցների մի մասն այցելել է Առողջապահության նախարարություն եւ հանդիպել փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Փոխնախարարը խոստացել է խնդրով զբաղվել:

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ 19-րդ պոլիկլինիկայի դեպքում ուռճացված է ոչ թե աշխատակիցների հաստիքացուցակը, այլ տրամադրվող վճարովի ծառայությունների ցուցակը: Մասնավորապես՝ սարքեր կան, որոնց համար վճարում են թե՛ բնակիչները, թե՛ բժիշկները, բայց դրանք երբեք չեն գործել: «Այսինքն՝ բուժաշխատողի վրա պլան է դրված, իրենց խոսքով «նալոգ», եւ իրենք ստիպված են վճարել նույնիսկ այն դեպքում, երբ «պլանը» չի հաջողվում կատարել վճարովի ծառայությունների հաշվին, եւ այդ դեպքում սեփական աշխատավարձից են վճարում»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ այս «նալոգը» գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատակիցները գործուղման մեջ են: Նա հիշեցրեց, որ խոսքը չաշխատող մամոգրաֆի մասին է, որի համար ամեն ամսվա վերջին դրամարկղային կտրոններ են տպվել՝ միեւնույն օրով մի քանի րոպեի տարբերությամբ:

Ինչպես պարզաբանեց Դավիթ Խաժակյանը, այս դեպքում «նալոգը» բժիշկների վրա դրված ամեն ամիս 40 հազար դրամ վճարելու պարտավորությունն է: Եթե ամսվա ընթացքում բուժաշխատողը չի կարողանում այս գումարն ապահովել, ապա պետք է վճարի իր գրպանից:

Խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ Երեւանի պոլիկլինիկաներում նման սխեմաները գոծել են երկար տարիներ, պարզապես աշխատակիցները այդ մասին հիմա են սկսել խոսել, քանի որ իրավիճակ է փոխվել, եւ նրանց մոտ փոփոխությունների հույս է ծնվել: Չնայած գանգատներ եղել են նաեւ նախկինում:

Այսպես՝ Թեհմինա Վարդանանը վկայակոչեց նաեւ 19-րդ պոլիկլինիկայի վերաբերյալ NEWS.am Medicine-ի հրապարակումները, որոնք կատարվել են դեռեւս 2018 թվականի հունվարին՝ Ամանորից առաջ աշխատավարձի 10 տոկոսը պահելու աշխատակիցների գանգատի մասին:

Նա նաեւ նշեց, որ բժիշկներին աշխատանքի են ընդունում 1500-2000 դոլար կաշառքի կամ մաղարիչի դիմաց, եւ տնօրենն այն անվանում է «մեկուկես կամ երկու կիլոգրամ խնձոր»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է