Վնասի փոխհատուցում, թե՞ տնօրինության ոչ իրավաչափ քայլեր. ի՞նչ է կատարվում 19-րդ պոլիկլինիկայում

23 հունվարի, 2018  20:59

2017 թվականի դեկտեմբերին, երբ բազմաթիվ հաստատությունների աշխատակիցները պարգեւատրումներ եւ բոնուսներ էին ստանում, Երեւանի 19-րդ պոլիկլինիկայի բժիշկներն ու բուժքույրերը սովորականից 10 տոկոս ավելի քիչ գումար են ստացել: Պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը պնդում է, որ պահումների պատճառը տարվա ընթացքում աշխատակիցների կողմից աշխատանքում թույլ տված սխալներն են, ինչի հետեւանքով հաստատությանը զգալի նյութական վնաս է հասցվել: Բժիշկներն իրենց հերթին պնդում են, որ ամեն ինչ ճիշտ են արել եւ որ այս խոսքը ղեկավարության կողմից ոչ իրավաչափ գործողությունների մասին է:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրենը պատմեց, որ երբ բժիշկը հիվանդ է ընդունում եւ ուղարկում նրան լաբորատոր հետազոտությունների, ապա պետք է լրացնի 002 ձեւը: Այս ձեւը ֆինանսական փաստաթուղթ է, որի հիման վրա պոլիկլինիկան պետբյուջեից գումար է ստանում: Ինչպես տնօրենը նշեց, աշխատանքի նոր կարգը պոլիկլինիկաներում գործում է 2017 թվականի ապրիլից, եւ ապրիլից մինչեւ դեկտեմբեր հաստատությունում բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, որոնց համար բժիշկները 002 ձեւը չեն լրացրել: Պոլիկլինիկան մոտ 1.8 մլն դրամի վնաս է կրել: Ղեկավարությունը որոշել է փոխհատուցել այս գումարը բժիշկների աշխատավարձերի հաշվին, ինչի համար տնօրենը 2017 թվականի դեկտեմբերի 29-ին ստորագրել էր N 244 հրամանը:

Տնօրենի խոսքով՝ մոտ ապագայում նախատեսվում է պոլիկլինիկայում կատարել վերահաշվարկ, եւ եթե պարզվի, որ որոշ բաժանմունքներում խախտումներ քիչ են եղել, իսկ պահումներն աշխատավարձներից անհամաչափ են եղել, հունվարի վերջին պահված գումարները կամ դրանց մի մասը կվերադարձվեն այդ բաժանմունքների բժիշկներին:

«Ես բազմիսց բացատրել եմ մեր աշխատակիցներին այդ փաստաթղթերի կարեւորությունը, բացատրել եմ, որ մեր եկամուտները ձեւավորվում են դրանց հիման վրա, ուստի այդ ձեւերից յուրաքանչյուրը պետք է պատշաճ կերպով լրացվի: Եթե յուրաքանչյուր բժիշկ հասկանա, որ սխալ աշխատանքի հետեւանքով իր աշխատավարձից թեկուզ 3000-4000 կպահվի, ես վստահ եմ, որ ապագայում նման սխալներն այլեւս չեն կրկնվի: Դա արվել է ֆինանսական վնասը փոխհատուցելու նպատակով եւ որպեսզի բժիշկները հասկանան այդ ձեւերի կարեւորությունը»,- նշել է տնօրենը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերին բժիշկներին կանխավճարներ են վճարվել, իսկ տասական տոկոսները պահվել են մնացած գումարից: Արդյունքում, բժիշկներն այս ամիս մոտ 5000-10000 դրամ պակաս են ստացել:

Բժիշկները, սակայն, պնդում են, որ նշված բոլոր ամիսների ընթացքում լրացրել են 002 ձեւերը եւ պատկերացում անգամ չունեն, թե ուր կարող էին «անհետանալ» այդ փաստաթղթերը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը նշեց, որ եղել են դեպքեր, երբ նույն հիվանդի նույն հետազոտության համար 002 ձեւը մի քանի անգամ են լրացրել. այդ բլանկերը խորհրդավոր կերպով «անհետացել են»:

Պոլիկլինիկայի բժիշկներից մեկը չբացառեց, որ հիմնարկի ղեկավարությունը ոչ իրավաչափ քայլերի է դիմել: Այդպես, տնօրենը, վերջինիս կարծիքով, փորձում է վերադարձնել 2017 թվականի սկզբին նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսված գումարները, հենց այդ պատճառով լրացված 002 ձեւերին «օգնել են» կորչել:

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Սարգսյանը իսկապես առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից: Բժիշկների խոսքով՝ նախընտրական շրջանում պոլիկլինիկայի բոլոր աշխատակիցները ստիպված են եղել նախընտրական քարոզարշավ անցկացնել իրենց հիվանդների եւ հարազատների շրջանում եւ Սամվել Սարգսյանի պոտենցիալ ընտրողների ցուցակներ կազմել:

«Նա լավ արդյունքներ էր ակնկալում, մտածում էր, որ կանցնի խորհրդարան, բայց չանցավ, - ասաց բժիշկներից մեկը, - Դրանից նա կատաղեց. չէ որ նախընտրական քարոզարշավի համար մեծ գումարներ էր ծախսել, եւ ես կարծում եմ՝ ոչ միայն իր սեփական, այլ նաեւ պոլիկլինիկայի փողերը»:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Սամվել Սարգսյանը հերքեց այդ տեղեկությունը: «Այս ամենը սուտ է»,- ասաց նա:

Նշենք, որ պոլիկլինիկայում միջին վիճակագրական բժիշկը 112 հազար դրամ է ստանում, երբեմն՝ ավելի պակաս. Նրա 158 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձից ոչ միայն հարկերն են հանվում, այլ նաեւ էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլնի համար ծախսված գումարը: Բուժքույրերը ավելի քիչ են ստանում՝ ընդամենը 37 000 դրամ: Հետաքրքիր է, որ գրեթե բոլորը 19–րդ պոլիկլինիկայում պաշտոնապես աշխատում են 0,75 դրույքով եւ ստանում են համապատասխան աշխատավարձ, բայց, ըստ իրենց, իրականում ստիպված են լրիվ դրույքով աշխատել:

Տնօրենը, սակայն, պնդում է, որ դա այդպես չէ, եւ իր պոլիկլինիկայում որեւէ բուժքույրը լրացուցիչ րոպե անգամ չի աշխատում:

Նույն պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցուհի բողոքեց, որ աշխատակիցները մեծ դժվարությամբ են հիվանդության բյուլետեն ստանում, եւ շատերը ստիպված են աշխատանքի  գալ հիվանդ վիճակում՝ չնայած այն հանգամանքին, որ կարող են վարակել ինչպես իրենց գործընկերներին, այնպես էլ հիվանդներին: Բժիշկը հիշեց, օրինակ, մի դեպք, երբ թոքաբորբով հիվանդ աշխատակիցը շարունակում էր աշխատանքի գալ եւ հենց տեղում էր կաթիլայինի տեսքով բուժում ստանում:

Տնօրենի խոսքով՝ այդ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում. պոլիկլինիկայում այսօր 374 աշխատակից կա, եւ անցյալ տարի 135 բյուլետեն է տրվել, այսինքն յուրաքանչյուր երրորդ աշխատակից բյուլետեն է վերցրել: Ըստ տնօրենի՝ աշխատակիցները, որոնք իսկապես առողջական խնդիրներ ունեն, կարող են հեշտությամբ բյուլետեն ստանալ, իսկ եթե տվյալ աշխատակիցն ապօրինի կերպով է փորձում ստանալ հիվանդաթերթիկը, ապա կարող է դրա պատճառով ազատվել աշխատանքից, եւ նման դեպք պոլիկլինիկայում վերջերս եղել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ