• Latest news

Ինչպե՞ս ամռան շոգին խնամել փոքրիկ երեխաներին. Մանկաբույժի խորհուրդները

17 հուլիսի, 2018  21:18

Ինչպե՞ս կազմակերպել մինչեւ մեկ տարեկան երեխայի խնամքն ամառվա շոգին: Ամռանը փոքրիկների համար ո՞ր հիվանդություններն են ավելի վտանգավոր, ի՞նչ անել՝ դրանք կանխարգելելու համար: NEWS.am Medicine-ի այս եւ այլ հարցերին պատասխանում է մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Ամռան սեզոնին ի՞նչ տեսակի ալերգիաներ կարող են առաջանալ մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ եւ ինչպե՞ս երեխային պաշտպանել նման ալերգիաներից:

Մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ առավել հաճախ դիտվում են մաշկի ալերգիկ ախտահարումները, որոնք սովորաբար չունեն սեզոնայնություն: Ալերգիկ ռինիտը, որն առավելապես դիտվում է գարնան եւ ամռան ամիսներին, չի ախտորոշվում մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ: Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիայի համաձայն՝ ալերգիկ ռինիտի ախտորոշման նվազագույն տարիքը 2 տարեկանն է, սակայն այն առավելապես ախտորոշվում է վաղ դպրոցական կամ նախադպրոցական տարիքում:

Ի՞նչ խնամք է անհրաժեշտ մինչեւ 1 տարեկան երեխային՝ ամռան ընթացքում զերծ պահելու համար ցանկացած տեսակի հիվանդություններից:

Ամռան ընթացքում կարեւոր է պահպանել մաշկի հիգիենան, երեխային լողացնել ամեն օր, իսկ շատ շոգ եղանակին՝ օրական 2 անգամ: Լոգանքը պետք է կազմակերպել մաքուր ջրով եւ մանկական լոգանքի գելով: Երեխային պետք է պաշտպանել արեւի ուղիղ ճառագայթներից՝ հագցնելով գլխարկ, երկարաթեւ հագուստ եւ արեւային ակնոց: Եթե երեխան բաց մարմնով արեւի ճառագայթների տակ է, ապա պետք է օգտագործել արեւապաշտպան քսուքներ:

Ամռանն ի՞նչ ջերմաստիճանային միջավայր է խորհուրդ տրվում մինչեւ 1 տարեկան երեխայի համար:

Սենյակի օպտիմալ ջերմաստիճան է համարվում միջինը 20 աստիճանը, սակայն հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկութկունները, կարելի է առավելագույնն ունենալ 24 աստիճան: Եթե կա օդորակիչ, ապա դրա օգտագործումը ցուցված է շոգ եղանակին, քանի որ ջերմակարգավորման կենտրոնի անբավարար զարգացման հետեւանքով երեխան կարող է սենյակի բարձր ջերմաստիճանի պատճառով ջերմել, առատ քրտնել, ջրազրկվել, հրաժարվել սնունդ ընդունել եւ զրկվել առողջ քնից:

Ի՞նչ պատվաստումներ պետք է ստանա ամռանը մինչեւ 1 տարեկան երեխան եւ ինչի՞ համար են դրանք համարվում պարտադիր պրոցեդուրաներ:

Պատվաստումները շոգ եղանակին արվում են նույն սխեմայով, ինչ մյուս եղանակներին: Երբեմն մայրերին անհանգստացնում է երեխայի հնարավոր ջերմելը, ինքնազգացողության վատացումը, սննդից հրաժարվելը: Սակայն, ԱՆ խորհուրդների համաձայն, դրանք պատվաստումների հետաձգման համար ցուցում չեն: Այլ պատվաստումներ, կապված ամառվա սեզոնի հետ, չեն արվում:

Տարբերվո՞ւմ է, արդյոք, մինչեւտարեկան երեխայի սնունդն ամռանը: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

Մինչեւ 1 տարեկան երեխաների սնունդը չի տարբերվում այլ սեզոններին տրվող սննդից: Հաշվի առնելով ջրազրկման մեծ հավանականությունը՝ պետք է կրծքով կերակրվող երեխային առավել հաճախ եւ երկար կերակրել, իսկ 6 ամսականից մեծ երեխաներին բավականաչափ կրծքի կաթ եւ ջուր տալ:

Շոգ եղանակներին կարո՞ղ է մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ առաջանալ դիսբակտերիոզ եւ ո՞րն է դրա բուժումը:

Դիսբակտերիոզ ախտորոշումը կլինիկական ախտորոշում չէ: Եթե կա փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում, ապա պետք է դիմել մանկաբույժի, որի կողմից կտրվի ախտորոշում եւ կնշանակվի համապատասխան բուժում:

Ամռան ընթացքում մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում ամենատարածված ո՞ր հիվանդոությունները կարող են հետք թողնել երեխայի օրգանիզմի վրա եւ հետագայում խնդիրներ առաջացնել:

Ամռան ընթացքում առավել հաճախ են ախտորոշվում աղեստամոքսային տրակտն ախտահարող հիվանդություններ՝ կապված մրգերի, բանջարեղենի առավել շատ օգտագործման, լողավազաններ, ծովափ, բաց ջրամբարներ հաճախելիության ավելացման հետ: Հաճախ դրանք արտահայտվում են լուծով, փսխումով, եւ այդ ամենը կարող է բերել ջրազրկման: Ջրազրկման կանխարգելման համար կարելի է օգտագործել օրալ ռեհիդրատացիոն լուծույթներ, ջուր, իսկ եթե երեխան կրծքով է կերակրվում, ապա հաճախակի կերակրել: Խնդիրներ նկատելու դեպքում պետք է հնարավորինս շուտ դիմել բժշկի, քանի որ ջրազրկումը կարող է առաջացնել անգամ կյանքին վտանգ սպանացող բարդություններ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել